Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/41

Այս էջը հաստատված է

փոթորիկը, որին հոր թաղումից հետո սպասում էր ամեն րոպե, անցավ պակաս զորավոր, քան կարծում էր։ Նա կարողացավ դիմադրել մորը։ Վաղը նա կակնարկե, թե ցանկանում է կնոջն ու երեխաներին բերել Մոսկվայից։ Այրին, իհարկե, կզայրանա, կաղերսե, լաց կլինի, բայց փույթ չէ, այդ սկիզբն է, հետո կամա ակամա կընտելանա իր հարսին ընդունելու մտքի հետ։ Իսկ հետո՞, վերջացա՞վ դրանով խնդիրը։ Օ՜, ո՛չ, այդ չէ էականը. կընտելանա՞ արդյոք ինքը՝ Սմբատն իր կացությանը, նույնիսկ եթե կարողանա մոռացության տաք հոր անեծքը։

Նա այլևս չկարողացավ պարապել, սկսեց թղթերը ժողովել։

Ներս մտավ սպասավորը և հայտնեց, թե «ուստա Բարսեղը» ուզում է աղային տեսնել։

— Ո՞վ է ուստա Բարսեղը։

— Մեր վարձողներից մեկը։

— Թող գա:

Այցելուն այն դեղին մազերով մարդն էր, որ հոգեհացի ժամանակ մոտեցավ «ադվակատ» Մուխանին և խնդրեց այն երեկո գնալ իր տուն։ Նա կանգնեց դռների մոտ, ձեռները դրեց կրծքի վրա և խոնարհ գլուխ տվեց, թեքվելով մինչև հատակը։ Հետո աջ ու ձախ նայելով, գողնովի մոտեցավ և ժպտուն դեմքի վրա խաղացնելով մի շողոքորթ ժպիտ, ձեռը պարպեց տանտիրոջը։ Առաջին հայացքից իսկ այդ մարդու կերպարանքն ու ձևերը վատ տպավորություն գործեցին Սմբատի վրա։

— Ի՞նչ եք կամենում շտապեց նա հարցնել։

— Հրամանոցդ առողջությունը, Սմբա՛տ-բեգ,– լսվեց մի խուլ ձայն:

— Գո՞րծ ունիք:

— Մի պզտիկ հաշիվ ունենք, Սմբատ-բեգ...

— Նստեցե՛ք...

Հյուրը գլուխ տվեց, բայց չնստեց:

— Հրամանքդ, ինչպես տեսնում եմ. ինձ մոռացել ես,— ասաց նա իր ապակյա աչքերը հառելով տանտիրոջ երեսին,— իհարկե, աղա ջան, քա՛նի տարի է... բայց մենք,