Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/412

Այս էջը հաստատված է

— Այո՛, բնական մահով, դա իմ միակ սփոփանքն է։

Թաղման հանդեսն ավարտվելուց հետո Դավիթը Սմբատի ու Միքայելի հետ եկավ Ալիմյանների տունը, ուր այրի Ոսկեհատը սգվորների համար ճաշ էր պատրաստել տվել։

Շուշանիկի լուռ ու մեղմիկ արցունքները շարժում էին այրի Ոսկեհատի գութը։ Նա սիրեց այդ սիրուն աղջկան դեռ այն ժամանակ, երբ Շուշանիկը ծառայում էր հիվանդ Միքայելին այն խայտառակ ծեծից հետո։ Այժմ նայում էր մայրական գգվանքով, մխիթարում և երբեմն շքեղ մազերը շոյելով համբուրում էր նրան։ Կողբա՞ն, արդյոք իր մահն այդպիսի կսկիծով նրա հարազատները։ Ահ, ի՜նչ սիրող դուստր, ի՜նչ զգայուն սիրտ։ Ինչո՞ւ նա չէ Ոսկեհատի հարսը, Սմբատի կինը, այո՜, հենց այդ աղքատ աղջիկը, որ իր ավելի քան համեստ սգազգեստի մեջ որքան հեզ է, նույնքան գեղեցիկ։ Ինչո՞ւ այդ օտարուհին է նրա թոռների մայրը․ նա, որին ատել է և երբեք, երբեք չի կարող սիրել։ Նրանք միմյանց չեն հասկանում և չպիտի հասկանան հավիտյան։

Ճաշից հետո եկավ Արշակը՝ Ալեքսեյ Իվանովիչի հետ և հայտնեց, թե այս երեկո ուղևորվում է արտասահման։ Ոսկեհատն արդեն գիտեր կրտսեր որդու սոսկալի ախտի մասին, և այժմ ինքն էր շտապեցնում նրան գնալ, բժշկվել։

Ալեքսեյ Իվանովիչը կանչեց քրոջն առանձին սենյակ և ասաց․

— Դեհ, այժմ կարող ես հանգիստ լինել, ես գնում եմ․․․

— Ո՞ւր։

— Արտասահման։

— Ինչո՞ւ։

— Արշակի հետ եմ գնում․․․

— Որպես ի՞նչ։

— Որպես ուղեկից և հովանավոր։

— Ալեքսեյ, ունեցիր ինքնասիրություն, աղաչում եմ,— գոչեց Անտոնինա Իվանովնան։

— Զարմանալի էակ ես դու, քույր։ Կարծես, ես որևէ մեկի վզին ծանրություն եմ։ Ինքը՝ քո պատվարժան ամուսինն է ինձ խնդրում՝ Արշակին ուղեկցել։ Տղան լեզուներ չգիտե, երբեք չի ճամփորդել, հիվանդ է ու անփորձ, մի՞թե նրան հարկավոր