Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/413

Այս էջը հաստատված է

չէ մի, այսպես ասած, պատվավոր գիդ: Երևակայիր, այժմ Սմբատ Մարկիչը ոչ միայն հաշտ աչքով է նայում ինձ, այլև սկսել է սիրել։ Իսկ ես խղճում եմ Արշակին։ Նրա հիվանդությունը թեև բուժելի է, բայց շատ ծանր։ Ես պիտի ամեն կերպ աշխատեմ նրան փրկել, եթե միայն ուշ չէ․․․

— Իսկ պաշտո՞նդ Մոսկվայում։

— Ես արդեն ուղարկել եմ իմ հրաժարականը։

— Հետո՞,— գոչեց Անտոնինա Իվանովնան, զայրանալով։

— Հետո, ինչ հետո. մնում եմ Սմբատ Մարկիչի տրամադրության տակ․․․

Անտոնինա Իվանովնան վերադարձավ մյուս սենյակը, կանչեց Սմբատին մի կողմ և հարցրեց.

— Եղբայրս ձեր ցանկությա՞մբ է ուղեկցում Արշակին արտասահման։

— Այո՛։

— Եվ դուք կարծում եք, որ նա հարմա՞ր է այդ պաշտոնի համար։

— Լիովին։ Ուրիշ ավելի հարմար մարդ ես չեմ ճանաչում։

— Հայտնում եմ, որ ես պատասխանատու չեմ եղբորս մասին...

— Անտոնինա Իվանովնա, հասկանում եմ ձեր միտքը և գովում ձեր հպարտությունը։ Բայց մարդիկ ապրում են ոչ այնպես, ինչպես ցանկանում են, այլ այնպես, ինչպես կարող են։

Այս խոսքերի մեջ կինը զգաց մարդու հետին միտքը։ Դա մի տեսակ ակնարկ էր հաշտության մասին։ Հաշտություն, որ ստիպողական էր և անհրաժեշտ։ Պարզ էր, որ նրանք պիտի «ապրեն, ինչպես կարող են»։ Նրանք պարտավոր են կրել իրենց խաչը և չեն կարող չկրել, քանի որ երկուսն էլ սիրում են իրենց զավակներին հավասար սիրով։

Մի ժամ անցած Անտոնինա Իվանովնան Զարգարյանների հետ ուղևորվեց հանքերը, երեխաներին թողնելով սկեսրի մոտ։ Ճանապարհին նա խոսում էր Շուշանիկի հետ մշակների