մոտդ, իսկ փոխարենը վճարիր պարտքերս Մարութխանյանին — ահա բոլորը, ինչ որ պահանջում եմ քեզնից։
— Հիմարություն մի՛ արա։ Եթե վերավորվելուդ պատճառը Դավիթ Զարգարյանի վարձատրությունն է, կարող ես վճարել՝ որքան կամենաս, տալիս եմ քեզ կատարյալ իրավունք։ Ահա, այս էլ քեզ չեկերի տետրակը։
Եվ այս ասելով, Սմբատը դրեց Միքայելի առջև չեկերի տետրակը։
— Լավ,— ասաց Միքայելը,— այդ մասին վաղը, իսկ այդ թուղթը համենայն դեպս թող քեզ մոտ մնա։
Եվ անցնելով իր սենյակները, ուր չորս-հինգ ամիս էր ոտք չէր դրել։ Այստեղ ամեն ինչ իր տեղումն էր։ Նա նայեց շքեղ կահ-կարասիին, արդ ու զարդին և դառը հեգնությամբ ժպտաց։ Այժմ նրան ծաղր էր թվում ամեն ինչ, որ կապված էր իր անցյալի հետ։ Նա փակեց սենյակների դուռը և վերադարձավ եղբոր սենյակը։
— Թող այս բանալին էլ քեզ մոտ մնա,— ասաց նա։
— Դու ինձ ծաղրո՞ւմ ես։
— Ես անում եմ իմ սրտի կամեցածը։ Ասել եմ, որ գործակատարդ եմ — ահա բոլորը։ Այժմ ես ոչինչ պահանջ չունեմ այս տնից, բոլորը քոնն է...
Ասաց և անմիջապես դուրս գնաց, բանալին թողնելով սեղանի վրա։
Սմբատը նայեց նրա հետևից ապշած, ապա խորհեց մի քանի վայրկյան և, մի վճռական շարժում անելով, բանալին և թուղթը դրեց իր գրասեղանի մեջ։ Հետևյալ օրը նա Սրաֆիոն Գասպարիչին ուղարկեց Մարութխանյանի մոտ, որ դատը հաշտությամբ վերջացնեն։ Նա խոստանում էր վճարել Միքայելի պարտքերի կեսը նրա ստորագրած պարտագրերը ոչնչացնելու պայմանով։
— Համաձայն եմ,— ասաց Մարութխանյանը. եթե այդ հրդեհը չլիներ, մի կոպեկ չէի զեղչիլ։
Նույն օրը նա կանչեց Սուլյանին իր մոտ և ասաց.
— Բարեկամս, այժմ մենք կարող ենք գնել այն թուրքի հողերը։ Դու ընկեր ես արդյունքի մի հինգերորդականով։