Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/417

Այս էջը հաստատված է

Դեհ, տեսնենք, դու քո ուսումով — ես իմ փողով ու խելքով։

Մի շաբաթ անցած Սուլյանր թողեց իր պաշտոնը Ալիմյանների մոտ և ընկերացավ Մարութխանյանին։


Անցան սգի առաջին օրերը։ Շուշանիկի վիշտն սկսեց մեղմանալ։ Այժմ նա ամբողջ օրն անց էր կացնում Անտոնինա Իվանովնայի բնակարանում։ Միասին ծրագրում էին, վիճաբանում, որոշում և միմյանց ոգևորում։ Ամառվա ամենատաք օրերը մոտենում էին, ուստի իրիկնային կուրսերի բացումը հետաձգեցին աշնան, մանավանդ որ Անտոնինա Իվանովնան երեխաներին պիտի տաներ ամառանոց։

Շուշանիկի աչքերը որոնում էին Միքայելին ամենուրեք։ Շատ անգամ նա իր բարեկամուհու բնակարանը գնում էր նրան հանդիպելու գաղտնի հույսով։ Այնինչ, Միքայելը դադարել էր այցելել իր եղբոր ամուսնուն, չէր երևում ոչ մի տեղ։ Հայտնվեց, որ նա տեղափոխվել էր հեռավոր հանքերը։ Ի՞նչ է նշանակում այդ. մի՞թե այժմ նա է փախչում, մի՞թե արհամարհելու հերթը նրան է անցել։ Գուցե նա վիրավորվել է, որ Շուշանիկը մինչև այժմ շնորհակալության մի խոսք չի ասել։ Բայց մի՞թե անսահման երախտագիտությունը խոսքերով է միայն արտահայտվում, մի՞թե Միքայելը չի զգում, թե ինչ է կատարվում Շուշանիկի սրտի մեջ, մի՞թե չի նկատում արմատական հեղաշրջումը նրա հոգեկան աշխարհում։

Մի օր իրիկնադեմին Շուշանիկը մենակ նստած էր ընդարձակ պատշգամբի ծայրում, իր սենյակի առջև։ Մոտեցան նրա հորաքրոջ զավակները և, մի պատկերազարդ գրքույկ դնելով նրա ծնկների վրա, խնդրեցին, որ նա բացատրե նկարների բովանդակությունը։ Այդ գրքույկը, երեկ, Անտոնինա Իվանովնան էր նվիրել նրանց։ Շուշանիկն սկսեց թերթել ու բացատրել, մի ձեռով գրկած երկու մանուկների գլուխները։ Մի վայրկյան նա գլուխը բարձրացրեց, հայացքը ձգեց առջև տարածված ազատ նավթահողերի վրա և ցնցվեց այնպես, որ գրքույկն ընկավ ծնկներից։ Այնտեղ, հեռվում, մի խումբ արհեստավորներով շրջապատված Միքայելն ինչ-որ