Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/418

Այս էջը հաստատված է

պատվերներ էր տալիս։ Նրա թևը դեռ կապած էր պարանոցին։

Շուշանիկը մանուկներին հեռացրեց սենյակ և բոլոր ուշադրությունը լարեց դեպի խումբը։ Մի քանի րոպե անցած խումբը ցրվեց, Միքայելը մնաց մենակ։ Նա հանդարտ քայլերով մոտեցավ մի հողակույտի և նստեց մի մեծ քարի վրա։ Վերջմայիսյան արեգակի վերջին ծիրանագույն ճառագայթները ողողել էին նրան և այդ կացության մեջ նա Շուշանիկին թվաց այնչափ առնական, այնչափ գեղեցիկ, որչափ այն վայրկյանին, երբ Չուպրովի թևին հենված դուրս էր գալիս ծխերի միջից, լուսավորված հուրերի բոսորագույն լույսով։ Նա նայում էր դեպի արևմուտք երկա՜ր, երկա՜ր, մինչև որ հրեղեն գունդը թաքնվեց հեռավոր բլուրների հետևում։ Հետո նա վեր կացավ քարի վյայից և քայլերն ուղղեց դեպի Անտոնինա Իվանովնայի բնակարանը։ Որքան նա մերձենում էր, այնքան ներքին անհաղթելի ուժը Շուշանիկին մղում էր դեպի նա։

Վերջապես, նա նկատեց Շուշանիկին և մոտեցավ։ Մի ախորժելի ջերմություն զգաց օրիորդը, սեղմելով նրա ձեռը, որ ազատել էր իրեն կրակի ճիրաններից։ Այժմ Միքայելի դեմքի վրա չէր նկատվում նախկին վշտի մութ ստվերը։ Այժմ նրա աչքերի մեջ չերևաց նախկին մռայլությունը, որ Շուշանիկին թվում էր չարություն։

— Ներեցեք, որ ես մինչև այսօր չեմ արտահայտել ձեզ իմ շնորհակալությունը,— արտասանեց օրիորդը և զգաց, որ իր ձայնը դողում է։

— Ինչո՞ւ համար։

— Եվ դուք դեռ հարցնո՞ւմ եք...

Դա բառ առ բառ նույն խոսքերն էին, որ մի քանի ամիս առաջ փոխանակեցին, երբ Միքայելը շնորհակալություն էր հայտնում Շուշանիկին, որ այդպիսի հոգատարությամբ խնամել էր նրան հիվանդության ժամանակ։ Այն օրը Միքայելն էր առիթ փնտրում խոսելու — այսօր Շուշանիկը։

— Դուք ազատեցիք հորս և միջոց տվեցիք նրան մեռնելու բնական մահով։ Դուք փրկեցիք հորեղբորս․․․ դուք․․․— չկարողացավ վերջացնել իր խոսքը Շուշանիկը։