Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/420

Այս էջը հաստատված է

Զգում էի ինձ մինչև կոկորդս թաղված կեղտերի մեջ։ Հիշո՞ւմ եք իմ կրած վիրավորանքները և ստորացումներն ու այն բոլոր բարոյական վերքերը, որ ես եմ տվել ուրիշներին․․․ Հետո հիշեցի վերջին ամիսներում իմ բոլոր զգացումներն ու մտածածները։ Եվ այս խառնիխուռն մտքերի մեջ իմ հայացքը չէր բաժանվում արևմուտքից։ Արդյոք, այնտեղի՞ց պիտի գա մեր բարոյական փրկությունը, թե՞ մեր լույսը պիտի ծագե մեր մթությունից ու խավարից․․․

Նա կանգ առավ, մի քանի վայրկյան լռեց և ապա մի ծանր հառաչանք արձակելով շարունակեց.

— Մայր մտնող արեգակն ինձ հիշեցրեց այն սոսկալի հրդեհը։ Եվ կենդանի վերականգնեց իմ աչքերի առջև մի տեսարան, որ երբեք-երբեք չպիտի ջնջվի իմ հիշողության մեջ։ Ես լսեցի հուսահատական աղաղակներ, որոնք մորմոքում էին սիրտս։ Տեսա մի ծնողասեր զավակ, որ ձգտում էր գլխիկոր վազել ու նետվել կրակի մեջ իր այրվող ծնողին փրկելու համար։ Մտաբերո՞ւմ եք այն վայրկյանը, երբ իմ հայացքը հանդիպեց մի զույգ աղերսալի աչքերի։ Ահ, այդ աչքերը, այդ աղիողորմ նայվածքն էին, որ մի ակնթարթում փոթորկեցին իմ հոգեկան ու բարոյական աշխարհը։ Ես մոռացա ամեն ինչ և միևնույն ժամանակ զգացի, որ սթափվում եմ մի ծանր, երկարատև քնից, մի մղձավանջից։ Երբ վազում էի դեպի կրակը, թվաց ինձ, որ վազում եմ խավարից դեպի լույս։ Երբ ինձ տեսա ամեն կողմերից վտանգի մեջ, զգացի, որ վտանգն ինձ փրկում է մի այլ, ավելի անխուսափելի, ավելի զորավոր վտանգից։ Դուրս գալով կրակի միջից, զգացի հոգեկան այնպիսի մի թեթևություն, որ երբեք-երբեք չէի զգացել իմ քսանութ տարվա կյանքի ընթացքում։ Թվաց ինձ, որ սրտիս վրայից դեն ձգեցի մի կապարային ծանրություն, և այն, ինչ որ ձգեցի, իսկույն այրվեց իմ հետևում, կրակի մեջ, ու ոչնչացավ... Օրիորդ, կրկնում եմ. ձե՛զ չէ, որ ազատեցի, այլ ինձ։ Օրիորդ, այլևս անզոր եմ թաքցնելու ձեզանից այն, ինչ որ զգում եմ ու մտածում։ Գուցե մոլորվում եմ, բայց թվում է ինձ, որ այդ հրդեհը վերջ տվեց իմ կյանքի խավարին, որ նա մաքրեց ինձ իմ աչքում, որ նա փրկեց ինձ անխուսափելի կործանումից: