Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/429

Այս էջը հաստատված է

Քառորդ ժամ անցած` լուր եկավ, թե երջանիկ հայրը, եթե կամենում է, կարող է տեսնել իր ժառանգին։ Նա անմիջապես անցավ ծննդաբերի սենյակը։ Այդտեղ նրա աչքերին ներկայացավ հետևյալ տեսարանը.- սենյակի մի անկյունում պառկած էր Գյուլումը ուժասպառ, գունատ, որպես անշնչացած, սակայն մի անդորր ու երջանիկ ժպիտ ամուր սեղմած շրթունքների վրա։ Նրա գլխի աջ կողմում նստած էր մայրը, իսկ ձախ կողմում քույրերը, Ոսկեհատն ու Զառիկը ու լալիս էին... ուրախությունից։ Ուրախ էին, որ իրենց քույրը արու զավակ է ծնել և մի անգամ առմիշտ ազատվել ամուսնու դառն կշտամբանքներից ու անեծքներից։ Մյուս անկյունում, բաց հատակի վրա երևում էր մի կլոր փոս, նրա մոտ տաք ջրով լի մի պղնձի տաշտ, որից բարձրացող շոգին սքողել էր մի քայլ հեռու դրած երեխային, ինչպես նոսր ամպը նորածին լուսնյակին։

Մանկաբարձուհու դերը կատարում էր Հերիքնազը, որ Աթանեսի մերձավոր ազգականուհիներից էր։ Արխալուղի թևերը մինչև արմունկները ծալած, նա պատրաստվում էր նորածնին լողացնելու, իսկ նորածինը բարձրացրել էր այնպիսը բողոք, որ կարծես ուզում էին նրան խորովել, և նա զգում էր այդ։

Արդարև, այն գործողությունը, որ կատարեց Հերիքնազը Ոսկեհատի ու Զառիկի օգնությամբ, հավասար էր խորովելուն։ Նա նորածնին դրեց տաք ջրի մեջ և մի ձեռով բռնած, մյուսով սկսեց նրա մարմինը լվանալ այնպիսի ուժով, որ կարծես կոշտ ու կոպիտ լաթի կտոր էր լվանում։ Հետո դուրս բերեց նրան ջրից ու սկսեց վրան աղ քսել, առանձին ուշ դարձնելով նրա կոհատակերի և այլ ծածուկ տեղերի վրա։ Հարկավ, այս անգամ նորածնի ծվծվոցը հասավ իր գագաթնակետին։

— Ձայնդ փորդ քաշիր, չար Հուլիանոս,— ասաց նրա տատը ուրախ կատակով,— վրեդ աղ են ցանում, որ չհոտես։

— Համ էլ, որ կաշիդ պնդի, չքրտնես ու չհոգնես,— ավելացրեց Ոսկեհատը։