Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/43

Այս էջը հաստատված է

— Չի հատուցանում։ Ուրեմն փո՞ղ է պարտական ձեզ...

— Հայա՜, ցավդ առնե ուստա Բարսեղը, պարտական է, որ չտա էլ, իհարկե ոչինչ չենք ասիլ, ջանին ղուրբան, բայց դե պարտական է մուրհակով...

— Մուրհակո՞վ...

— Թամի՜զ... до востребования...

— Գումա՞րը։

— Հրամանոցդ համար դատարկ բան, մի ձեռք հագուստի փող. մի գիշերվա ծախք... Բայց դե՝ մեզ պես քյասիբ-քյուսուբի համար խազնա, թագավորություն, Հարուն Ալ Ռաշիդի բոստանը, հա՛, հա՛, հա՛...

Նրա ծիծաղը հնչեց այնքան չոր ու անախորժ, որ Սմբատը զզվանքի պես մի բան զգաց։ Սակայն նա արդեն հետաքրքրվել էր այցելուի ասածներով։

— Հապա ցույց տվեք տեսնեմ Միքայելի մուրհակը,— ասաց նա, ձեռը պարզելով այցելուին։

Ուստա Բարսեղը, աջ ու ձախ նայելով, ձեռը տարավ ծոցը, դուրս բերեց այնտեղից մի հնամաշ թղթապանակ։ Ինչ-որ թղթերի միջից զգուշությամբ դուրս բերեց մի մուրհակ, բաց արավ և ծայրերից ամուր բռնելով, պահեց Սմբատի աչքերի առջև։

— Այո՛, այդ Միքայելի ստորագրությունն է,— ասաց Սմբատը,— բայց մի՛ վախենաք, չեմ խլիլ ձեր ձեռքից, գումարն եմ ուզում գիտենալ։

Սմբատն ապշեց, մուրհակը յոթ հազար ռուբլու էր։ Մի գումար, որ կասկածելի էր, թե համապատասխանե արծաթագործի կարողությանը։

— Ուստա Բարսեղ, դուք այժմ էլ ձեր արհե՞ստն եք գործածում:

— Հայա՜, ցավդ առնեմ, զարգյար էինք, զարգյար էլ մնացինք. չխկումըխկ ենք անում, օղլուշաղ պահում, հինգ երեխա ունենք... բայց երեք տարի է մի պզտիկ պահարան ենք գրել, մեջը մի քանի արծաթեղեն ու ոսկեղեն շարել, մենք մեզ խաբում ենք. իբրև թե մենք էլ առևտուր ենք անում: