— Եվս առավել, որ համով մարդ լինես,— լրացրեց Զառիկը։
Անհանգիստ նորածնին օրինավոր աղելուց ու չարչարելուց հետո, Հերիքնազը դրեց խանձարուրի մեջ, փաթաթեց ու սկսեց ձեռներն ու ոտները մետաքսյա լայն ժապավենով կապոտել, այնքան ամուր, որ կարծես փոստային փաթեթ էր պատրաստում հեռավոր երկրներ ուղարկելու համար: Շատ տարիներ հետո, երբ մանուկը ցույց տվեց իր արտակարգ ձիրքերը, պառավներն ասում էին, «կապողն է այդպես կապել»: Նույն պառավները երդվելով հավատացնում էին, թե մանուկը մոր արգանդից դուրս գալով, իսկույն աղաղակել է. «ուզում եմ, ուզում եմ»։ Պնդում էին նաև, թե ներկա եղողները ջրից դուրս բերելիս նրա կրծքի վրա նշմարել էին մի կլոր դեղնագույն բիծ, իսկ և իսկ նման ոսկի իմպերիալի։ Ոմանք հավատացնում էին, թե այդ բիծն այժմ էլ անջնջելի դրոշմված է, և թե դա անզուգական մահկանացուի հազվագյուտ բախտի նշանն է։
Աթանեսը մոտեցավ իր ժառանգին, նայեց նրա կապտա-կարմրագույն երեսին, ժպտաց, եթե միայն կարելի էր ժպիտ համարել նրա դաժան դեմքի կծկվիլը, և արտասանեց հետևյալ փաղաքշական դարձվածքը։
— Շան ծնունդը եփած ճղնուտրի է նման։
Հետո նա իր երկայն արխալուղի գրպանից դուրս բերեց երկու արծաթյա ռուբլիներ և դրեց նորածնի խանձարուրի վրա։ Նրա օրինակին հետևեցին զոքանչն ու քենիները։ Հերիքնազը վերցրեց այդ դրամները և գրպանը դրեց, որպես իր աշխատանքի վարձը։
— Դե՛հ, հիմա հայդա՜,— դարձավ Աթանեսն իր քենիներին,— ազատվողն ազատվեց, դուք էլ ինձ ազատեցեք։ Հայդա՜, շնորհակալություն ու բարի ճանապարհ։ Գիտեմ, սպասում եք, որ ձեզ չայ խմեցնեմ, դե, ի՜նչ արած, տեսնում եք, որ չեմ կարող։ Շաքարս թրջվել է ծովում, չայի հունձը Չին ու Մաչինում չեն սկսել դեռ, սամովարս էլ գողերը տարել են, ջուր չկա, ածուխ չկա։ Բարի ճանապարհ, գլխիս տերեր, աչքիս լույս ազգականներ, բարևեցեք ձեր մարդկանց, ասացեք, տուն ու տեղս այժմ տեր