Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/431

Այս էջը հաստատված է

ունի, կարողությունս գայլերի բերանը չի ընկնիլ: Չէ, դու մի գնա, աչքիս լույս զոքանչ, թող աղջկերքդ գնան, դու մնա Հերիքնազին օգնիր։ Դե, հայդա, իմ սիրուն-սիրուն քենիներ, մեծ բան արիք, շնորհակալ եմ, հայդա, Ահրումենց Աթանեսը աչքով աչք չունի իր տանը ավելորդ կանայք տեսնելու։ Ի՜նչ արած, բնությունս է այդպես։ Ես մեղավոր չեմ։ Բարի ճանապարհ...

Վաղուց արդեն ընտելացած լինելով Աթանեսի բնույթին, Ոսկեհատն ու Զառիկը շտապեցին լուռ ու մունջ հեռանալ։

Այսպես աշխարհ եկավ Վարդան Ահրումյանը, նա, որ ապագայում հռչակեց իր անունը և դարձավ համայն երկրի նախանձի առարկան։

Ուղիղ յոթերորդ օրը Աթանեսը հրավիրեց տեր-Համբարձումին` նործնին «հալալելու», այսինքն` մկրտելու։ Կնքահայրը Աբրահամ աղա Ալբաշյանն էր, քաղաքի առաջին վաճառականը և ամենից հարգված քաղաքացին, միակ մարդն ամբողջ Զիլզիլում, որի հետ Աթանեսը քիչ թե շատ բարեկամական հարաբերություններ ուներ կամ, ճիշտն ասած, միակ մարդն էր, որին հավատում էր։

Առավոտյան կնքահայրն իր սանիկի ծնողների համար ուղարկեց մի գլուխ շաքար, մի ֆունտ թեյ և կես փութ չորացրած մրգեղեն, իսկ ինքը բարեհաճեց ուղղակի եկեղեցի գնալ, ուր արդեն սպասում էր Հերիքնազը` նորածնին թևերի վրա պահած։

Տեր-Համբարձումը մանկանը տվեց օրացույցի համեմատ Վարդան անունը, խորապես համոզված, որ ավելի պատշաճ ու պատվավոր անուն դժվար էր գտնել Աբրահամ աղայի սանիկի և որ ամենագլխավորն է, ամեն բանից դժգոհ Աթանես Ահրումյանի որդու համար։ Թող սուրբ զորավարի խաչն ու սուրը հովանավորին ու պաշտպանին նրան։

Վարդանին տուն բերին հետևյալ հանդեսով.— առջևից գնում էր տիրացուն խաչվառը բարձր պահած, հետո տեր-Համբարձումը շուրջառն ուսերին, խաչը ձեռին, երգելով հանդեսին վայել շարականը։

Այնուհետև ընթանում էր Աբրահամ աղան թևերի վրա պահած իր սանիկին և ձեռներում բռնած մի զույգ վառ