Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/433

Այս էջը հաստատված է

— Ա մարդ, ի՞նչ ես քթիդ տակ փնթփնթում,— ասաց Գյուլումը, որ հագնված, անկողնում նստած` սպասում էր զավակի վերադարձին,— կանգ առ, ա՛ մարդ, հենց մի գլուխ չափչփում ես սենյակը, այդ ո՞ւմ ես անիծում կամ օրհնում... Բա՜ս ինչո՞ւ ձեռդ բարձրացրիր, ո՞ւմ ես ուզում խփել: Դե՜ե, հիմա էլ ծիծաղեցիր, փիե՜, ինչո՞ւ, ի՞նչ պատահեց...

— Նա պիտի մեծ մարդ լինի, Գյուլում, շատ մեծ մարդ, հասկանո՞ւմ ես... .

— Ո՞վ... հասկացա — որդի՞դ:

— Եթե մեծ մարդ չլինի, ամենից առաջ, ես կթքեմ նրա երեսին։

— Չեմ թողնի, չեմ թողնի,— համարձակվեց հակառակել Գյուլումը, գուցե առաջին անգամ ութ տարվա ընթացքում...

— Ձայնդ կտրիր, շուն ջան...

Լսվեց տեր-Համբարձումի զիլ ձայնը, որ այս անգամ ախորժալուր էր Աթանեսի համար։

Հարևան կտուրները լեցվեցին հետաքրքիր կանանցով ու երեխաներով։ Սակայն բակում կար մի ահագին ծառ՝ կարմիր թթի։ Նրա խիտ ճյուղերը խանգարում էին նրանց տեսնել ինչ է կատարվում «խուլ» Աթանեսի տանը։

Հյուրերը նախաճաշի նստեցին։ Տեր-Համբարձումը կերավ վեց հատ թերխաշ ձու, ասելով, թե ձուն խիստ օգտակար է ձայնի զորության համար, բայց թե ի՞նչ օգուտ ուներ երեք բաժակ փունջն ու երկու բաժակ օղին, այս մասին լռեց, բարվոք համարելով ոչնչացնել խաշած հավը, մեղրն ու կարագը։

Աբրահամ աղան երկու բաժակ փունջից հետո բավական զվարթացավ և խոսք բաց անելով առևտրի մասին, անցավ քաղաքական դեպքերին, հայտնեց հեղինակավոր եղանակով, թե «ռուսը» վճռել է այս տարի անպատճառ իր հաշիվները վերջացնել Դաղստանի հետ, ամեն բան պատրաստ է, այսօր-էգուց իմամ Շամիլին կբռնեն և Դաղստանի գեներալ-նահանգապետ կնշանակվի Արղութովը։ Հետո անցնելով ուրիշ նյութերի, վերջապես խոսեց իր սանիկի ապագայի