երերուն քայլերով։ Նրան հետևեց Աբրահամ աղան, կրկնելով.
— Անուսում չթողնես, հա՜, էս է ասում եմ, թե չէ շատ կփոշմանես։
Դիտողների ասելով Վարդանը ոչ մորն էր նման, այդ բարի աչքերով և հեզ դեմքով նիհար կնոջը, ոչ հորը, այդ ամրակազմ, խոժոռադեմ, մեծ քթով, հաստ կարմիր պարանոցով մարդուն։ Տատը պնդում էր, թե երեխան նման էր իր մորեղբայր Մարտիրոս Հախվերդյանին, որ երեք տարի բացակայում էր Զիլզիլ քաղաքից։ Ճիշտ էր այս թե ոչ, դժվար էր ստուգել, բայց մի բան խիստ աչքի էր ընկնում — Վարդանի աչքերի գույնը։ Իսկապես այդ գույն չէր, այլ դեղնի, կարմրի ու կանաչի մի տարօրինակ, չտեսնված խառնուրդ։ Այդ աչքերը երբեմն նայում էին չափահաս մարդու վերին աստիճանի ազդու ու սուր հայացքով։ Թվում էր, թե արդեն խանձարուրի մեջ մանուկը հասկացել է կյանք ասված մեքենայի խորին բարդությունը և զգում է, որ այդ բարդության դեմ մաքառելու համար պիտի բռնել հարձակողական դիրք: Մերթ ընդ մերթ թվում էր, որ նա պատրաստ է կատաղած կատվի պես ցատկել դիտողի վրա և իր մագիլներով ճանկռտել նրա երեսը։
Մի առավոտ Աթանեսը նայելով նրա երեսին, արտասանեց.
— Այդ տղան չի կորչիլ, չի կորչիլ, այդ երևում է նրա աչքերից։
Գյուլումը, գոհունակության ժպիտն երեսին ասում էր, թե հազիվ աշխարհում մի մանուկ մոր կրծքից կաթն այնպես ագահորեն ծծած լինի, որպես Վարդանը։ Արդարև, երբ նա կպչում էր մոր կրծքին, մի անհագ ու սոսկալի տզրուկ էր, սոսկալի մանավանդ իր խոշորությամբ։ Բիբերն ուղղելով մոր աչքերին, ծծում էր նրա կաթը մինչև վերջին կաթիլը, իսկ երբ կաթը սպառվում էր, իր լինդերով կծում էր կերակրիչ անոթն այնպես ամուր, որ մայրը ցավից աղաղակում էր և շտապում իր կուրծքն ազատել նրա այնքան փոքրիկ, բայց և այնքան սուր ճանկերից։ Օ՜, այդ ճանկերը շատ անգամ էին խրվում մայրական կրծքի մեջ և այնտեղ