Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/437

Այս էջը հաստատված է

երեխաներին, հոր պատվերի համաձայն։ Սակայն երևում էր, որ Վարդանը Աթանեսի մարդատյաց բնավորությունը չէր ժառանգել: Ընդհակառակը, նա ձգտում էր խառնվել հասակակիցների խմբին և նրանց հետ փողոցներում վազվզել, կտուրների ու ծառերի վրա բարձրանալ։ Նա սիրում էր խաղալիքներ, և հենց որ իրենից թույլ մի երեխայի ձեռքում տեսնում էր մի գրավիչ բան, թռուցիկ, գնդակ, սայլակ, հարձակվում էր ու աշխատում էր խլել նրանից։ Եվ երբ կողոպտվածը գոռալով կամ արտասվելով բողոքում էր, Մարիամն ստիպում էր կողոպտիչին ավարը իր տիրոջը վերադարձնել և միշտ Վարդանը նախքան վերադարձնելը, ավարը կոտրատում էր կամ ջարդում ոտների տակ։ Մինչդեռ ինքը, որ ուներ սեփական խաղալիքներ, երբեք չէր զիջում որևէ մեկին, թեկուզ մի քանի վայրկյանով։

Մի օր Աթանեսը նրա համար շուկայից բերեց մի քառակուսի տուփ, որի փակ կափարիչի վրա կար մի նեղ ծակ հինգ կոպեկանոց պղնձե դրամի երկայնությամբ, և տալով որդուն, ասաց.

— Ըհը՛, վերցրու այս «դախըլը», ինչ փող որ ձեռքդ ընկնի, գցիր մեջն ու պահիր, բայց տես, որ հետդ փողոց չտանես ուրիշներին ցույց տաս, կարող են խլել քեզնից։

Այդ օրից ինքը՝ Աթանեսը, գրեթե ամեն երեկո իր ձեռքով տուփի մեջ ձգում էր որևէ պղնձե կամ արծաթե դրամ, այսպիսով ավելացնելով Վարդանի դրամագլուխը։

— Լսիր, որդի,— ասաց նա մի անգամ, դրամը գրպանից դուրս բերելիս,— այս աշխարհում փողն է ամեն բանից բարձրը։ Փո՛ղ, փո՛ղ, փո՛ղ, ո՛չ ազգական, ո՛չ բարեկամ, ո՛չ եղբայր, ո՛չ քույր, ո՛չ մարդկանց պատիվ, ո՛չ սեր, ո՛չ քահանայի օրհնություն, ո՛չ ծնողների համբույր, փո՜ղ, փո՜ղ, փո՜ղ։

Վարդանը լսում էր այս խոսքերը և սպունգի նման ծծում նրանց իմաստը...

Շատ չանցած, նա իր տուփը սիրեց ավելի, քան բոլոր խաղալիքները, քան բոլոր իր շրջապատը, քան նույնիսկ իր ծնողներին։ Նա իր գանձը սեղմում էր կրծքին այնպիսի հափշտակությամբ ու գգվանքով, որպես միայն սիրավառ