Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/438

Այս էջը հաստատված է

մայրը կարող էր սեղմել միակ զավակին։ Նա տուփը երկու ձեռներով մոտեցնում էր ականջին, շարժում էր, ականջ էր դնում մետաղի ախորժալուր հնչյուններին, հրճվում էր, դնում էր վար, նորեն վերցնում և նորեն շարժում, միշտ ժպտալով երջանիկ ժպիտով։ Դա բարձրագույն երաժշտություն էր նրա մանկական լսելիքի համար, որի նմանը երբեք չէր լսել և չպիտի լսեր իր ամբողջ կյանքում։ Այդ պահերին նրա դեմքը զրկվում էր անմեղության փայլից, աչքերը վառվում էին ագահության անախորժ հրով։ Վա՜յ, եթե այդ միջոցներին մեկը փորձեր խլել նրա գանձը, նա կատաղած կատվի պես կհարձակվեր հանդուգն փորձողի վրա, որպեսզի եղունգներով դուրս գջլի նրա աչքերը։ Եվ նայելով այդ հազիվհազ թոթովող մանկան, իր գանձը կրծքին սեղմած, կարելի էր կարծել, որ նա խանձարուրից արդեն ստացել է անխախտելի գաղափար դրամի զորության մասին և գիտի, որ նա է տիեզերքի առանցքը, նրան և միմիայն նրան պիտի կպչել ամուր, ձեռների բոլոր զորությամբ, հոգու բոլոր ուժերով, սրտի բոլոր սիրով։

Աթանեսը հոգու խորքում, տեսնելով որդու այդ բնազդական սերը դեպի դրամը, ուրախանում էր այնչափ, որչափ կուրախանա միջակ արտիստը, տեսնելով իր զավակի մեջ հանճարի նշույլներ։ Նա խրախուսում էր որդու մեջ այդ սերը և ավելի ու ավելի ամրացնում այնտեղ. երբեմն դրամը տալիս էր Վարդանին, որ նա ինքն իր ձեռքով գցի տուփի մեջ։ Եվ մանուկը մինչև գցելը խաղում էր դրամի հետ, մի ձեռքից մյուսի մեջ բաց թողնելով, գլորելով հատակի վրա, ինչպես կատուն է խաղում մկան հետ մինչև նրան խեղդելը։

— Չէ, Գյուլում, այս տղան փուչ չի դուրս գա,— ասում էր Աթանեսը որդու ներկայությամբ, և որդին հրճվում էր։

Երբ մանուկը վեց տարեկան դարձավ, հայրը մի երեկո վճռեց տուփը բանալ։ Դանակի ծայրով զգույշ պոկեց կափարիչը։ Հատակի վրա թափվեցին արծաթե ու պղնձե դրամները։ Վարդանի աչքերը վառվեցին հոգեկան անսահման հաճույքից, ինչպես կարող էին վառվել մի ուրիշ մանկան աչքերը սքանչելի հրավառություն տեսնելիս։ Նա աղաղակեց

— Ի՛մս են, ի՛մս են։