Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/439

Այս էջը հաստատված է

Եվ երկու ձեռներով հարձակվեց դրամների վրա, որպես գիշակերը որսի վրա։ Մի քանի դրամներ գլորվել էին սենյակի ծայրը։ Մարիամը շտապեց նրանց ժողովել և փորձեց իր գրպանը դնել: Վարդանը բռնեց նրա ձեռը և այնպես ամուր խածնեց, որ խեղճ աղջիկը ցավից ճչաց, արտասվեց, ավարը ձեռքից բաց թողնելով:

Աթանեսը փողերը համրեց, դուրս եկավ երեսունինը ոուբլի։

— Է, է՜,— ասաց նա,— հիմի մտածենք ինչ պիտի անենք այդ փողերը։ Արի, Վարդան, տուր ինձ տոկոսով, մանեթին տասներկու կոպեկ տարեկան։ Հա, դու չգիտես ինչ ասել է տոկոս։ Լսի՛ր, այս տարի դու ինձ տալիս ես, ասենք հարյուր ռուբլի...

Եվ նա բացատրելով տոկոսի նշանակությունը, ավելացրեց.

— Կարծեմ հասկացար...

— Հասկացա,— պատասխանեց աչքաբաց մանուկը,— ես իմ փողերը տոկոսով չեմ տա։ Թափիր դախըլի մեջ, թող ինձ մոտ մնան։

Աթանեսը տուփի կափարիչը նորեն ամրացրեց և պատվիրեց որդուն շարունակել դրամն ավելացնել, ասելով.

— Երբ հարյուր ռուբլու կհասնե, կմտածենք ինչ անել։

II

Այժմ Վարդանը վազվզում էր փողոցներում, բակերում ու կտուրների վրա։ Մարիամն այլևս չէր հսկում նրան և չէր էլ կարող, նա արդեն տասնումեկ տարեկան աղջիկ էր, տեղական սովորությամբ պիտի տանը փակված մնար։

Աթանեսը վարձեց մի լեզգի ծառա, որը պիտի հսկեր Վարդանին։ Օրվա մեծ մասը մանուկն անց էր կացնում այդ լեռնականի հետ՝ խոհանոցում, բակում, թոնրատանը, փողոցներում։ Օսմանը — այդպես էր լեզգու անունը — փայտից նրա համար շինում էր խաղալիքներ և երբեմն պատմում էր նրան զանազան դիպվածներ Դաղստանի կյանքից։