Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/44

Այս էջը հաստատված է

— Երևի, Միքայելը ձեզնից ոսկեղե՞ն է վերցրել...

— Չէ՛, ազիզ արևդ վկա, նաղդ փող ենք տվել կանաչ-կարմրանոցներ։ Ազիզ արևդ վկա, երեխաների բերանից ենք խլել ու տվել։

— Ուստա Բարսեղ,— արտասանեց Սմբատը, մի սուր հայացք ձգելով մարդու երեսին,— դուք ուղիղ յոթ հազա՞ր եք տվել Միքայելին, թե՞ պակաս։

Ուստա Բարսեղը մի քիչ շփոթվեց, բայց միայն մի վայրկյան։ Շուտով ուշքը ժողովեց և ժպտալով պատասխանեց.

— Ցավդ առնեմ, իհարկե, մի քիչ պակաս ենք տվել, բայց դե գումարը յոթ հազար արծաթ դրամ է։

— Ես ձեզ խնդրում եմ ասել, զուտ դրամ ո՞րքան եք տվել։ Չէ՞ որ մուրհակի մեջ տոկոս էլ կա։

— Տոկո՜ս, իհարկե, առանց տոկոսի բան կլինի՞, բայց Միքայել Մարկիչի պարտքը դրուստ յոթ հազար ռուբլի է։

— Ե՞րբ է մուրհակի ժամանակը լրանում։

— Ժամանա՞կը... հա՛, ժամանակը այսօր տասնուվեց օր է հանգուցյալ Մարկոս աղան «դովոստրեբովանի է» եղել. աստված նրա հոգին լուսավորե։ Ազիզ արևդ վկա, օր ու գիշեր աղոթք ենք արել նրա կյանքի համար, բայց ի՛նչ արած, մահը մերն է, մենք մահինը. աստված այդպես կամեցավ։

— Ի՞նչ եք ուզում ասել, ուստա Բարսեղ, ես ձեզ չեմ հասկանում։

— Արևի լույսի պես պարզ է։ Աղա Միքայելը խոստացել է պարտքը վճարել հոր մահից հետո, ձեռաց մի քանի օր անցած։

Սմբատը ցնցվեց, հասկացավ եղբոր վատթար արարքը. որդին հոր մահն աճուրդի էր դուրս բերել։ Անտարակույս այդ Բարսեղը մի արյունարբու վաշխառու է, որ, օգտվելով շվայտ երիտասարդի նեղ դրությունից, մեկին հարյուրով պարտք է տվել ծերունու մահից հետո ստանալու պայմանով։ Ո՞րն է ավելի գարշելի, տվո՞ղը, թե՞ վերցնողը։

— Շատ բարի,— ասաց նա,— այսօր սպասեցեք, եղբորս հետ կխոսեմ, հետո կգաք...