Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/443

Այս էջը հաստատված է

ու քեզ ծախել, բոլոր առևտրականներն էլ այդպես են փող աշխատում, էժան գնում են, թանկ ծախում։

— Կերա՞ր,— գոչեր Աթանեսը, միանգամայն հափշտակվելով որդու խելացի պատասխանով։— Բայց,— շարունակեց նա դառնալով Վարդանին,— այսուհետև էլ չանես այդպիսի բաներ։ Լավ որսորդը տան հավերին չի սպանում։ Մորիցդ գողանալով ինձնից ես գողանում, իմ կարողությունն էլ քոնն է, ուրեմն ինքդ կողոպտում ես քեզ, ուրիշներին կողոպտելու տեղ։

Առաջիկա աշնան սկզբին Աթանեսը որոշեց Վարդանին տալ ուսումնարան։ Մի առավոտ մանկանը զարթեցրին սովորականից կանուխ: Մայրը նրա որովայնը ամրապնդեց մի զույգ ձվով. կարագ ու մեղրով և, օրհնելով, հանձնեց հորը։

Ճանապարհին Աթանեսն ամբողջ ժամանակ խրատում էր Վարդանին, բացատրելով ուսման նշանակությունը։

— Տես, որդի,— տրամաբանում էր նա,— աշխարհն այ, օրինակ, այս չինարի պես մի ծառ է, մենք էլ մրջյուններ ենք նրա վրա կամ որդեր։ Որդ կա, որ զալում է, համ շատ-շատ է ուտում, համ շուտ-շուտ, որդ էլ կա, որ ձույլ է, ուժ չունե, նա քաղցից սատկում է ու նրա մարմինն էլ են ուտում։ Ուտելու համար ատամներ են հարկավոր, սուր ատամներ։ Մարդուս ատամները նրա խելքն է։ Ուսումը որ կա, մի սրոց է, խելքի սրոց։ Եթե անուսում խելոքն արժե հինգ անխելքի, ուսում առած խելոքն արժե տասը անուսում խելոքների։ Ուսում ունեցող մարդուն խաբելը շատ դժվար է, նա ինքը կարող է շատ խելոքների աղբյուր տանել և ծարավ հետ բերել։ Տես, հիմա ես քեզ ուսումնարան եմ տալիս, փող եմ ծախսելու հա՜, հեշտ բան չիմանաս։ Ես քեզ աֆարիմ չեմ ասի, եթե երկու-երեք տարուց հետո կոնսիստորի սեկրետար Ղահրաման-բեկի պես ռուսերեն չկոտրատես ու նրա նման չգրես։ Ասենք Ղահրամանի հերն էլ գոռբեգոռ լինի, նա ի՜նչ մարդ է, այն օրը չիթ առնելիս շորս աբասիս կտրեց, տեսնո՞ւմ ես, ինձ խաբեց հաշիվների մեջ։ Մարդ ամեն բան պիտի լավ իմանա, ևս առավել փողի հաշիվը։ Հենց որ ուսումդ վերջացրիր, քեզ Աբրահամ աղայի եղբոր՝ Իսրայելի