Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/444

Այս էջը հաստատված է

հետ ուղարկելու եմ Մակարիա, որ ինձ համար դու ինքդ ապրանք գնես ու բերես, հերիք է ինչքան որ նա խաբեց ինձ։ Ըհը՛, ես նրա հոր, պապերի յոթ պորտի գերեզմանները...

Վարդանը գլուխը քաշ լսում էր հոր խոսքերը, ամուր բռնած նրա ձեռը և մի քայլն երկուսն անելով, հազիվ կարողանում էր նրա հետ հավասար ընթանալ։ Մերթ ընդ մերթ Աթանեսը այս կամ այն խրատը որդու մտքում ամուր դրոշմելու համար, այնպես պինդ էր սեղմում նրա ձեռը, որ մանուկը քիչ էր մնում ցավից ճչա։

— Ուսումնարանում,— շարունակեց հայրը,— ոչ ոքի հետ չկռվես, բայց ոչ ոքի հետ էլ չբարեկամանաս։ Գլուխդ քաշ բանիդ կաց։ Ընկերներից օգուտ չկա, վնաս կարող է լինել, ևս առավել աղքատ ընկերներից, մեկը թուղթ կուզի, մյուսը գրիչ, մատիտ, ես ինչ գիտեմ ինչ։ Ասեղ չտաս, որ աչքները կոխեն իմանո՞ւմ ես, ասեղ, շուն շան որդիներին։ Դե՛հ, հասանք ուսումնարան, քիթդ սրբիր, եթե փռշտալու ես, հենց այստեղ փռշտա, վերջացրու։

Ճիշտ այդ պահին Վարդանն երկու անգամ փռշտաց, որովհետև գիտեր, որ զույգ փռշտոցը խեր է, իսկ կենտը՝ շառ, շրթունքները սեղմեց, քթի ծակերը մատներով փակեց, որպեսզի երրորդ անգամ չփռշտա։

— Փա՜ռք աստծո,— գոհ եղավ Աթանեսը։— Հաջողություն է։

Ուսումնարանը գտնվում էր քաղաքի վերին մասում, ռուսաց եկեղեցուց ոչ հեռու։ Դա մեկ ու կես հարկանի պարզ մի շինություն էր, դրսից պատերը կիրով սպիտակացրած։ Հարևան տներից նա տարբերվում էր նրանով միայն, որ լուսամուտները երկաթե ցանցեր չունեին, երևի այն պատճառով, որ ներսում գողերի համար հրապուրիչ բան չկար։

Դռների առջև Աթանեսն իր գույնզգույն մեծ թաշկինակով մի անգամ էլ սրբեց Վարդանի քիթը, որի ծայրը, ի դեպ ասած, այն ժամանակ հաճախ հյութավորվելու վատ սովորությունն ուներ։ Հայր ու որդի մտան մի բավական ընդարձակ գավիթ, որն երկու կողմերից պատսպարված էր տախտակյա ցանկապատով։

Դասերը դեռ չէին սկսվել, աշակերտները վազվզում էին