Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/446

Այս էջը հաստատված է

անվանը կպած ծաղրական ածականից, որ շարժեց աշակերտների միահամուռ ծիծաղը։

— Ադա՛, մեջքիդ արծաթե քամար ես կապե՞լ։ Փա՜հ, փա՜հ, հայրդ վաճառական է դարձել, ադա՛, դու՞ էլ ես ուսում առնում։ Դե ասա աշխարհը լուսավորվեց, պրծավ, էլի՜։ Փա՛հ, ես քո պապի փալանը,— կամեցավ ավելացնել Աթանեսը, բայց զսպեց իրեն և հարցրեց.

— Անունդ ի՞նչ է․․.

— Լևոն․․․

— Օհո՜, դե ասա Լևոն թագավորի քթի ծակիցն ես ընկել, է՛լի։ «Ա՜յ ես քո պապի փալանը»,— նորեն կամեցավ ավելացնել Աթանեսը և նորեն զսպեց լեզուն։ Վերջապես ուսումնարանի պահապան Մելքոնը ազդարարեց, թե Մարտին Բաղդանիչը գալիս է։ Մի քանի վայրկյանում բակը դատարկվեց, աշակերտները վազեցին դասարանները։ Աթանեսը ոտքի կանգնեց, չուխայի թևերը ուսերից ցած իջեցնելով, մի բան, որ ասիական սովորությամբ հարգանքի ու խոնարհության նշան է։

Մարտին Բաղդանիչը միջին հասակից քիչ բարձր մի մարդ էր, երեսը չեչոտ, կարճ միրուքով և կռտած բեղերով։ Նրա աջ այտի վրա կար ինչ-որ վերքի հինգ կոպեկանոցի մեծությամբ մի սպի, որ նրա դեմքին տալիս էր սիբիրականի կերպարանք։ Դժվար էր որոշել նրա տարիքը, որովհետև եթե կարճլիկ միրուքը ալեխառն էր, գլխի մազերն ու ունքերը տակավին սև էին, եթե ատամները փտած ու սևացած էին, քայլվածքն ուներ պատանեկան աշխույժ, ձայնը՝ երիտասարդական հնչյուն։ Նրա կռտած բեղերն ունեին քթախոտի գույն, երևի այն պատճառով, որ ծխախոտը ծխում էր առանց ծխափողի։ Այս վերջին հանգամանքն ապացուցվում էր նաև նրա աջ ձեռքի երեք մատների դեզնածությամբ։

Նա դասարան մտավ գլուխը կրծքին թեքած, կարելի էր կարծել, որ մի աներևույթ ձեռ կմշտում էր նրա պարանոցը։

— Հայրի՛կ,— ասաց Վարդանը, որ զուրկ չէր դիտողության ընդունակությունից,— տեսչի վզի վրա խոց կա։

— Սո՛ւս,— սաստեց նրան Աթանեսը,— գլու՛խ տուր։

Հայր ու որդի հետևեցին տեսչին։ Սկզբում Աթանեսը