շփոթվեց տեսչի կապտագույն մունդիրից ու դեղնագույն կոճակներից, բայց, շուտով հիշելով, որ երկու տարի առաջ այդ մարդուն վաճառել է մի քանի արշին մահուդ, հազաց և մտքում ասաց․ «քո չոփուռ երեսը...»։
— Բարով ես եկել, Աթանես աղա,— արտասանեց տեսուչը,— ի՞նչ կհրամայես։ Հա՛, որդուդ բերել ես, որ ուսում տամ։ Լա'վ, լա'վ, շա՜տ լավ, կտանք է՛լի ի՞նչ կա։ Սու՛ս, գարշելինե՜ր, տեսնու՞մ եք, որ մարդու հետ եմ խոսում։ Խոնարհ տղայի է նման։ Անունդ ի՞նչ է, ա՛յ տղա։ Վարդա՞ն։ Լավ անուն է, զորավոր։ Գրել-կարդալ իսկի չգիտե՞ս։ Ոչի՛նչ, ոչի՛նչ, շուտով կսովորեցնենք։ Լռելու՞ եք, թե չէ, ավազակնե՛ր,— գոչեց նա ձեռի քանոնը ուժգին զարնելով սեղանին։
Բայց աշակերտները չէին հանգստանում։ Նրանք զանազան միմոսություններով աշխատում էին միմյանց ծիծաղեցնել, բոթում էին, խտխտում, թղթի կամ հացի գնդակներ արձակում իրար վրա։
Առանձնապես աչքի էր ընկնում թուխ դեմքով ու ծուռ քթով մի տասը տարեկան տղա։ Նա այնքան ճարպիկ էր, որ ձեռնասուն կապկի պես կկզում էր սրա ու նրա ուսերին կամ գլուխը դնելով նստարանի վրա, ոտները ցցում էր օդի մեջ այն կարճ վայրկյաններին, երբ տեսուչը երեսը մի կողմ էր դարձնում։
Բանակցությունը Վարդանի վերաբերմամբ վաղուց վերջացած կլիներ, եթե Մարտին Բաղդանիչը բարեկամաբար չհետաքրքրվեր Աթանեսի մասնավոր գործերով։ Այս էլ վերջացնելով, նա գանգատվեց իր պարանոցի խոցից։
— Մի շաբաթ է քունը փախել է ինձնից, անիրավը ասեղի պես է ծակում վիզս։ Սո՛ւս, գարշելինե՜ր, սու՛ս, իժ օձի զավակներ։ Ցավից գլուխս վերև չեմ կարողանում բարձրացնել, որ տեսնեմ ո՞վ է չարություն անում։
— Ես տիմբալիդ ճարը գիտեմ,— ասաց Աթանեսը, կամենալով մի բանով օգնած լինել տեսչին։
— Ասա՛, աստված սիրես, ասա՛։
— Վերցրու մի գլուխ սոխ, միջից կես արա, վրեն դիր մի կտոր այծի ճարպ, պահիր կրակի վրա, լավ սիրուն