—Չէ՛, չէ՛, ցավտ առնի ուստա Բարսեղը, Միքայել Մարկիչը չպիտի գիտենա, որ հրամանոցդ մոտն ենք եկել․ ամա՛ն, ամա՛ն, նա գիժ է, մեզ կսպանի, հինգ երեխաների տեր ենք...
— Հեռացե՛ք։ Վաղը եկեք, կստանաք ձեր փողերը։
— Հա՛, ցավդ առնեմ, էգուց վերջացնենք։ Հինգ երեխա ունենք, պառավ մայր, քույրեր, եղրայրներ, քրոջ աղջիկներ, եղբոր տղերք, մին սյուրու: Դատաստանից զահլեներս է գնում, հաշտությունը լավ բան է, ինքը Քրիստոսն է ասել։ Աստված լուսավորի Մարկոս աղայի հոգին, երևելի մարդ էր, մեզ շատ էր սիրում, ամեն օր գալիս էր խանութս։ Մենք էլ ձեր հրամանով ծաոաներն ենք, ձեր շվաքումն ենք ապրում։ Ներողությո՛ւն, գլուխդ ցավացրինք, ծառայությո՛ւն, մի՛ նեղանար, առանց ասելուդ էլ գնում ենք... էգուց կգանք, ծառայություն...
Եվ ուստա Բարսեղը երեսը դեպի Սմբատը, հետ ու հետ քայլելով, մեջքից թեքված, դուրս գնաց։
Նույն օրը երեկոյան Սմբատի ու Միքայելի մեջ տեղի ունեցավ առաջին ընդհարումը։ Միքայելն առանց քաշվելու խոստովանեց, որ Բարսեղից վերցրել է ընդամենը մի հազար ռուբլի, փոխարենը տվել յոթ հազար ռուբլու մուրհակ: Ի՞նչ աներ, փողի կարիք է ունեցել։ Նա արել է այն, ինչ որ շատ շատերն են անում ժլատ հայրերի զավակներից։ Նա չէր կարող պաս ու ծոմ պահել, լինելով միլիոնատիրոջ զավակ այն ժամանակ, երբ նրա ընկերները ծախսում էին հազարներով ու տասնյակ հազարներով։ Այսօր նա վերջապես իրավունք ունի ազատ ու ինքնագլուխ ապրելու, և ահա մի բռնակալի տեղ մյուսն է ասպարեզ եկել։ Ո՛չ, այդ անտանելի է և վիրավորական։ Հայրը թողել է մի ապօրինի կտակ, նա, իհարկե, լուռ չի մնալ, կանե, ինչ որ հարկավոր է, իսկ առայժմ թո՛ղ Սմբատը, առանց բացատրության սպասելու վճարե ուստա Բարսեղին, այլապես գործը կերթա դատարան...
Սմբատն սկսեց բացատրել եղբորը, թե ինքը երբեք չի մտածել նրա բռնակալը դաոնալու, թե նրանք հավասար եղբայրներ են և պարտավոր են միմյանց վրա ազդել բարի