բռնված էր դեռ չբացված ապրանքների հակերով, առջևի մասը ներկայացնում էր բուն խանութը։ Այստեղ ապրանքր դարսված էր հատակի վրա, պատերի տակ. այն երանելի ժամանակ Զիլզիլ քաղաքում բազմահարկ դարակների մասին գաղափար չունեին։ Աթանեսը սովորաբար ծալապատիկ նստում էր խանութի մեջտեղում, մինդարի վրա կամ չոքում էր պարսկի պես, առջևն ունենալով պարսկական «գյազը» ու մի համարակալ, որ տեղ-տեղ հիշեցնում էր պառավի ատամներ հատիկների պակասության պատճառով։
Վարդանը նստում էր խանութից դուրս, սաքվի վրա։ Մուշտարին գալիս՝ նա իսկույն ոտքի էր կանգնում, ձեռները դնում էր կրծքին և սպասում հոր հրամաններին։ նա օգնում էր Աթանեսին կերպասի կտորները բաց անելում ու ծալելում և վաճառված ապրանքը փաթաթելում։ Նա ավլում էր խանութը, մուշտարիներին խմելու ջուր էր մատակարարում, նրանց ծխաքարշի վրա կրակ էր դնում և այլ նման ծառայություններ մատուցանում։
Շուտով Աթանեսը հանձնարարեց նրան՝ վաճառել ապրանքների հակերից մնացած խսիրներն ու պարանները։ Գոյացած դրամի կեսը պիտի տար հորը, մյուս կեսը գցեր իր տուփի մեջ։ Այս նրա առաջին փորձն էր վաճառականության, և Վարդանը ցույց տվեց իր զարմանալի ձիրքը։ Մուշտարուն տեսնելուն պես, նա շտապում էր ցցվել նրա առջև, մարդու դեմքից գուշակելով, թե եկողին ինչ է հարկավոր և թե նա լու՞րջ գնող է, թե դատարկախոս։ Նա իր խսիրներն ու պարանները, նաև կոտրտված արկղները գովաբանում էր այնպիսի ջերմեռանդությամբ և ոգևորությամբ, որպես պարսիկ դերվիշներն էին ամեն օր խանութների առջև փառաբանում Ռուստամ-Զալի ասպազենը։
Երեկոները, երբ առևտուրը վերջանում էր, Վարդանր կողպում էր խանութի դռները և, բանալիները վերցնելով, հոր հետ տուն էր վերադառնում։ Այդ միջոցներին նրա դեմքի վրա նշմարվում էր առանձին լրջություն, որով խիստ տարբերվում էր փողոցներում վազվզող հասակակիցներից։ Նա ինքը զգում էր իր գերազանցությունր, և այս ինքնազգացումը արտահայտում էր բանալիների միջոցով, որոնց