Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/452

Այս էջը հաստատված է

զրնգացնում էր, մանավանդ իր դասակիցներին տեսնելիս այն թափով, որով հափշտակված աշուղն է զարնում սազի լարերին։

Տանը նա հորը ենթարկում էր մանրամասն հարցուփորձի այս կամ այն ապրանքի մասին։ Հայրը հրճվում էր նրա հարցասիրությամբ և իր պատասխաններն արագ ու ճիշտ ըմբռնելու զարմանալի ընդունակությամբ։

Կարճ ժամանակում Վարդանն այնքան սիրեց վաճառականությունը, որ կարելի է ասել ուսումնարանն էլ դարձրեց իր համար մի տեսակ շուկա։ Սկսեց աշակերտներին մի-մի կամ երկու-երեք կոպեկով վաճառել ամեն ինչ, որ կարող էր՝ ընկույզ, շագանակ, աղանձ, հալվա, եփած սիսեռ, փոխինձ և այլն։ Երբեմն պաքսիմատը փաթաթում էր թղթի մեջ, քարով ծեծում մանրացնում, խառնում շաքարի հետ ու պտղուցը մի կոպեկով բաժանում։ Առևտուրը նրան ավելի էր հետաքրքրում և զբաղեցնում, քան դասերն ու ընկերական խաղերը։ Այս առթիվ քիթը ծուռ Մկիչը նրան ենթարկում էր ամենաթունդ հեգնանքի, թե՛ խոսքով և թե՛ գործով։ Անդուլ չարաճճին Վարդանի համար դարձել էր մի տեսակ հալածիչ։ Ինչ ասես անում էր փոքր վաճառականին կատաղեցնելու համար, խլում էր նրա ձեռքից «ապրանքը», բարձրանում էր ուսումնարանի տանիքը, նստում էր եզրին, ոտները ցած գցելով, և նրա աչքերի առջև անուշ անում հալվան, փոխինձը։ Երբեմն իր շուրջն էր ժողովում ընկերներին և ավարը բաժանում էր նրանց։ Հետո յուրաքանչյուրին տալիս էր մի-մի թղթի կտոր և պատվիրում վճարել Վարդանին։ Աշակերտները քրքջալով ու ոստոստալով մոտենում էին Վարդանին և ասում.

— Սովդաքար, ա՛ռ ապրանքիդ գինը։

Սակայն այս բոլորը Վարդանին չէր վհատեցնում։ Հակառակ իր հոր սկզբունքին՝ նա բնազդաբար զգում էր, որ մարդկանց բարեկամությունը միայն կարելի է շահագործել, իսկ մարդատյացությունից օգուտ չկա, ուստի աշխատում էր ոչ ոքի հետ չկտրել իր հարաբերությունը։ Միևնույն ժամանակ, ոչ ոքի վատությունը չէր մոռանում և հարմար միջոցին վրեժն առնում էր յուրովի։ Այսպես, օրինակ, մի անգամ գանգրահեր Լևոնը, ցընգռ Ասատուրի որդին Վարդանին