Նա իր հոգու ամբողջ զորությամբ ատում էր Մարտիրոսին։
— Ի՞նչ ես փնթփնթում,— գոչեց նախանձոտ տղան, իր մատների հոդերով բոթելով Վարդանի կողը,— աա՜, հասկացա, չես ուզում, որ ես գնամ, հա՜, վաճառականի որդի չեմ, հա՜ հայրս գդակ կարող է, հա՞, սպասիր, ես քեզ տեղը եկած ժամանակ ցույց կտամ, թե ում հայրն է ավելի պատվավոր մարդ, ի՞մը, թե քոնը․․․
Զինագործ Կարապետի տնակը գտնվում էր արվարձանի վերջում, որից դենը կային միայն մի քանի խրճիթներ, այնուհետև քաղաքը վերջանում էր։ Այդ տնակը բաղկացած էր երկու ոչ ընդարձակ սենյակներից, սրանց կից գոմից և թոնրատնից, որ միևնույն ժամանակ և խոհանոց էր։
Վարդանին այնտեղ ընդունեցին մեծ հարգանքով, ինչպես վայել էր վաճառականի որդուն։ Կարապետը, որ այդ ժամանակ նաժդակով սրբում էր մի հրացանի փող, իսկույն մի կողմ դրեց զենքը և ոտքի կանգնեց, արխալուղի փեշերը թափ տալով, իսկ նրա կինը — Թագուհին գրկեց ու համբուրեց Վարդանին ասելով․ «Աստված քեզ ջուխտ ձեռներով պահի մորդ համար, բալա»։ Դա սիրուն դեմքով, հազիվ քսանյոթ տարեկան մի կին էր գեղեցիկ աչքերով, սև ունքերով, բաց գույնի մազերով։ Հարևան կանայք նրան նախանձում էին որ չէր ուզում իր մազերը հինայով ներկել իրենց պես և այս պատճառով նրան անվանում էին «մատուշկա»։ Թեև այս բառն այն ժամանակվա տեղական հայ կանանց բերանում ուներ վատ իմաստ, բայց Թագուհին չէր վիրավորվում և ծաղրողներին ներողամտաբար ժպտալով, պատասխանում էր․ «Ի՞նչ անենք, թող մատուշկա լինեմ, ի՞նչ վատ բան է»։ Ով գիտե, գուցե բնական ճաշակը նրան թելադրում էր, թե շեկ մազերը խիստ ներդաշնակում են իր խոշոր աչքերի մուգ գույնին ու սև ունքերին։
Կարապետն իր կոշտ ձեռքով սեղմելով Վարդանի ձեռը նորեն նստեց և սկսեց մաքրել մի սոսկալի երկայն ու կեռ դաշույն, այնպիսի թափով ու եռանդով, որպես ավազակ Սպարաֆուչիլոն Ռիգոլետտո օպերայում։
— Աթանես աղան,— ասաց նա դաշույնը պահելով լուսո