Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/458

Այս էջը հաստատված է

— Ա կնիկ, այն կապիկին էլ մտիկ արա,— գոչեց Կարապետը մեղմ ծիծաղով։

— Փչանաս դու, Սամսոն տղա,— ասաց Թագուհին և մոտենալով մի թույլ հարված տվեց փոքրիկի մարմնի փափուկ մասին։

Նա վերցրեց մածունի ափսեն։ Սամսոնն անասելի վայնասուն բարձրացրեց, թավալվեց փորի վրա և սկսեց ոտներն ուժգին թափով զարնել հատակին։ Կարելի էր կարծել, որ նրան եռող ջրի մեջ գցեցին։ Կատարելով այս սովորական գործողությունը, ոտքի կանգնեց, հարձակվեց քրոջ վրա և սկսեց խածնել նրա վիզը, երեսը, ուսերը։ Այս էլ վերջացնելով, պզտիկ անիշխանականը չորքոտանի կանգնեց, գլուխը դրեց հատակին և մերկ ոտների արանքով նայելով հոր երեսին, սկսեց բղավել կոկորդի ամբողջ ուժով։ Աստված գիտի այլևս ինչեր կաներ փոքրիկը, եթե մայրը չվերցներ նրան և չտաներ մյուս սենյակը, ճամփին նրա փափուկ տեղերին տալով քանի մի խրատիչ հարվածներ։

Հազիվ վերջացել էր այս տեսարանը, երբ գնդակի պես ներս նետվեց Մկիչը։

— Բարի՛ լույս, ուստա Կարապետ, հայրս քեզ մի տոպրակ բարևներ է ուղարկում,— գոչեց նա վերին աստիճանի համարձակ,— հե՜, Մինաս, ինձ համար մածուն պահե՞լ ես։ Օհո՜, դո՞ւ էլ ես այստեղ,— դարձավ նա Վարդանին,— բարով հազար բարի, ապրա՞նք ես բերել ծախելու, թե փող ես բերել շահով տալու։ Օհո՜, քթի մազ Մարտիրոս, դու ի՞նչ ես անում այստեղ, երեսին մտիկ արեք, երեսին, կարծես քացախ է խմել քավթառը։

— Խելոք կաց,— արտասանեց Մարտիրոսը, որ վախենում էր Մկիչից։

— Ի՞նչ, խելո՛ք, աչքիս վրա,— գոչեց Մկիչը և նույն վայրկյանին Մարտիրոսի գլխի վրայով մի թռիչք գործեց, արտասանելով,— Մարտիրոս, Մարտիրոս, հոտած փոս, տեսեք, տեսեք, աներես շան պես թազնել է ղայմաղ է ուտում, ղայմաղ։ Հեռո՛ւ կանգնիր, մորաքույր Թագուհի, հեռու,— բացականչեց չարաճճին, վերցնելով հրացանը և փողն ուղղեց Մարտիրոսի կրծքին։