է, մի բան տուր ուտելու»։ Աբդուրահմանը, դուք եք աղաներս, հրամայում է բերել խորոված, փլավ։ Խոսում են դեսից-դենից, պարզվում է, որ մարդը վաճառական է, գնում է Ղաբրիստան ոչխար գնելու։ Պառկում են քնելու։ Քարավանում երեսունուհինգ մարդ է լինում, ոչ ավելի, ոչ պակաս։ Քնած, չքնած Աբդուրահմանը մի թրմփոց է լսում, թրմփոցը լսում է՝ ոտքի է կանգնում, ծառաներն էլ զարթնում են։ Հա դես, հա դեն, ձիավորը չկա՜ ու չկա՜։ Տա՞փն է մտել, երկի՞նք է թռել, չկա՜ ու չկա՜։ Դե հիմա, թե կարող եք, ասացեք, ո՞վ էր ձիավորը։
— Դևը, — պատասխանեց Մարտիրոսը։
— Չէ՛։
— Սուրբ-Սարգիսն է եղել,— պատասխանեց Մինասը, երեսը խաչակնքելով։
— Հիմար, սուրբ-Սարգիսը թուրքի կերակուր կուտե՞ր,— նկատեց Կարապետը։
— Ես կարող եմ ասել ով էր,— մեջ մտավ Մկիչը, որ դունչը բոլորովին մոտեցրած Կարապետի բերնին, արմունկները ծնկներին հենած և ձեռներով ծնոտը բռնած, կլանում էր պատմողի ամեն մի բառը, ինչպես քաղցրավենիք։
— Ո՞վ էր, ո՞վ էր,— հարցրին ամենքը միաբերան։
— Մոլլա-Ղանին։
— Ապրե՜ս, տղաս, ապրե՜ս,— գոչեց Կարապետը, թամբաքվի չոր տերևը ափի մեջ տրորելով, որ չիբուխը լեցնի։— Հրամանքս, ինքը Մոլլա-Ղանին է լինում։ Դու մի ասա, եկած է լինում տեղեկանալու՝ քարվանում ինչքան ապրանք կա և քանի հրացանավոր։
— Ա՜յ սիրտ,— գոչեցին մանուկները միաբերան, բացի Մկիչից։
— Մոլլա-Ղանին մարդ չէ, ազրայիլ է։ Ո՞րտեղ մնացի, հա՛, հենց որ տեղեկանում է, որ մի քանի հազար թումանի ապրանք կա քարվանում, գիշերվա կեսին ձի է նստում, գնում անտառը, ընկերներին վերցնում է ու ետ է գալիս․․․
— Հետո՞, հետո՞,— գոչեցին ունկնդիրները միաձայն։
— Առաջ-առաջ նա Աբդուրահմանին կապում է ծառին, հետո՝ ծառաների վիզը մեկ-մեկ կտրում է, ընկնում է