մյուսների վրա տո՛ւր հա կտաս։ Դե՛ս կոտորիր, դե՛ն կոտորիր, կես ժամում տասնուհինգի գլուխն է թռցնում, տասնուհինգի փորերը պատռում, երեքին միջից կես է անում, քսանյոթին էլ գյուլլախորով է անում, մի քսաներկուսին էլ կիսամահ է անում, որի՛ ականջը կտրելով, որի քիթը, որի՛ լեզուն։
— Ինչո՞վ, թրո՞վ, թե դանակով,— հետաքրքրվեց Մկիչը։
— Ղլինջով։
— Տասնուհինգ, էլի տասնուհինգ, երեք, քսանյոթ, քսան երկու Աբդուրահմանի ծառաները,— արտասանեց Վարդանը,— ուստա Կարապետ, հաշիվդ սխալ է, դու ասացիր քարավանում երեսունուհինգ մարդ է լինում, ո՛չ ավելի, ո՛չ պակաս․․․
— Չէ՜, որդի, սխալը քո՛նն է,— ասաց Կարապետը մազու չափ չշփոթվելով, որովհետև, երբ ոգևորվում էր, ամենից առաջ ինքն էր հավատում իր երևակայության ստեղծագործությանը։
— Հետո՞, հետո՞,— կրկնեց Միկիչն անհամբերությամբ։
— Հետո, էլ ի՞նչ հետո, Մոլլա-Ղանին ապրանքը թալանում է, ձիերի վրա է բարձում ու հայդա՛ փախչում․․․
Հապա քարվանում մի հատ տղամարդ էլ չի՞ լինում,— գոչեց Մկիչը վրդովված,— վախկոտ ոչխարներ․․․
Նրա աչքերը հուզումից վառվել էին, այտերը գունատվել, շունչը սաստկացել էր սարսափելի պատմվածքի ազդեցությունից։
— Ես լինեի Աբդուրահմանի տեղը,— մեջ մտավ Մարտիրոսը,— Մոլլա-Ղանիի կերած փլավի մեջ մկնդեղ կածեի, կուտեր ու տեղն ու տեղը կսատկեր․․․
— Քանի՞ հազար թումանի ապրանք է թալանում Մոլլա-Ղանին,— հետաքրքրվեց Վարդանը։
— Հա՜, շա՛տ, որդի, հա՜, շատ։ Ասում են՝ միայն յոթը տոպրակ ոսկի է եղել։
— Ա՜հ, ա՜հ, ա՜հ,— աղաղակեց Վարդանը այնպես, որ կարծես իրեն էին կողոպտել։
— Խեղճ մարդիկ, խեղճ մարդիկ,— գոչեց Մինասը արտասվալի ձայնով,— ինչո՞ւ քնելուց առաջ «Հրաժարիմք» չեն