Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/462

Այս էջը հաստատված է

ասել, թե ասեին՝ գիշերը քարվանի շուրջը յոթը շարք պարիսպներ կկանգնեին, ավազակները չէին կարող մոտենալ։

Մի փոքր անցած մանուկները դուրս եկան սենյակից։ Մինասի առաջարկությամբ գնացին մերձակա բլուրը, իրանց հետ տանելով հորթին։ Քաղաքի ծայրում Մկիչը մի ցանկապատից դուրս քաշեց չորս ցից, ասելով․

— Հարկավոր կգա։

Արդարև շուտով փայտերը հարկավոր եղան։ Հազիվ ընկերները բարձրացել էին մերձակա բլրի գագաթը, հանդիպեցին մի խումբ թուրք հասակակիցների։ Հակառակի պես այդ պահին գրգռվեց հորթի ազատասիրական բնազդը։ Նա խլեց կապը Մինասի ձեռքից և փախավ, պոչը ցցելով վեր որպես թեթևամտության նշան։ Նա վազում էր դեպի մի դեղնագույն կով, երևի, կարծելով, թե իր մայրն է։ Թուրքերը իսկույն նրան բռնեցին։

— Բա՛ց թողեք,— աղաղակեց Մինասը հեռվից այն հուսահատությամբ, որով միայն մայրը կարող էր պահանջել իր զավակի ազատությունը։

— Եթե կարող ես, ի՛նքդ եկ տար,— խրոխտացին թուրքերը։

Նրանք սկսեցին հորթին չարչարել։ Մեկը նստեց նրա մեջքի վրա, մյուսն ականջները բռնած առաջ էր քաշում, իսկ մնացածները փայտերով բզբզում էին։ Դրությունը տագնապալի էր․ երկուսից մեկը՝ կամ պետք էր հորթին ուժով ազատել, կամ թույլ տալ, որ թուրքերը տանեն նրան։ Մարտիրոսը սկսեց հեռվից թուրքերին հայհոյել այնպիսի կեղտոտ հիշոցներով, որ հակառակորդների կրոնական սրբություններն էին պղծում։ Թուրքերից մեկը մի քար արձակեց Մինասի վրա, որ ավելի մոտիկ էր կանգնած։ Քարը դիպավ նրա ճակատին, որից անմիջապես արյուն հոսեց։ Բայց նա երկչոտ չէր, չփախավ և ոչ էլ լաց եղավ։

— Տղե՛րք, շատվոր են, բայց մի՛ վախենաք,— գոչեց քիթը ծուռ Մկիչը,— դուք այստեղ պաշտպանվեցեք, ես իսկույն կգամ․․․

Ասաց և իսկույն վազեց, անհայտացավ բլրի ետևում։