Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/464

Այս էջը հաստատված է

— Ադա՜, մի՛ վախենար, կազատենք,— գոչեց Մկիչը, վազելով թուրքերի ետևից։

Այս անգամ կենդանին ինքը մտածեց իր ազատության մասին։ Գլուխն ուժգին թափահարելով, նա պարանը խլեց իրեն բռնող պատանու ձեռքից և փախավ, պոչը դարձյալ վեր ցցելով, այս անգամ որպես հաղթության դրոշ։ Կյանքում նա երբեք այդպիսի խելոք բան չէր արել։ Մկիչը վազեց ու նստեց նրա վզին կապած պարանի ծայրի վրա, գոռալով։

— Ադա՛, հուռռա՜․․․

Թուրքերին փախցնելով, հորթին ազատելով, փոքրիկ հերոսը հոգնած, հևալով պառկեց դալարազարդ գետնի վրա և սկսեց երգել մի ռամկական երգ, որ ինքն էր հորինել։

Այժմ միայն Վարդանն ուշ դարձրեց նրա երկու օգնականների վրա։ Մեկը գանգրահեր Լևոնն էր, նա, որի հորը Աթանեսը ծաղրեց առաջին օրը ուսումնարանի բակում։ Մյուսը մի ոտաբոբիկ, կիսամերկ մանուկ էր Սահակ անունով, մեկը այն փողոցային շրջմոլիկներից, որոնց հետ Վարդանին խստիվ արգելված էր որևէ հարաբերություն ունենալ։

— Ես գնում եմ տուն,— ասաց Վարդանը, պարզապես ցույց տալով իր արհամարհանքը դեպի շրջմոլիկը։

— Սպասիր, միասին կգնանք, դեռ օրը չի մթնել,— ասաց Մկիչը հրամանատարի եղանակով։

Սակայն Վարդանը չլսեց նրան և կամեցավ հեռանալ։

— Սպասիր, քեզ ասում եմ,— գոռաց Մկիչը, ոտքի ելնելով,— ես գիտեմ ինչու ես փախչում, չես ուզում Սահակի հետ մնալ, հաա՞, ես քո սովդաքար գլուխը կջարդեմ։ Սահակի նման քաջ տղա աշխարհում չկա։ Իսկ երգելը եթե լսես, կգժվես։ Ադա, Սահակ, մի «Առավոտ լուսո» երգիր, որ աղայի տղան լսի։

Առանց սպասել տալու, Սահակը հենվեց իր երկայն ցուպի վրա և երգեց ոչ «Առավոտ լուսո», այլ մի հովվական երգ այն մեղմ ու դյուրեկան ձայնով, որ հատուկ է մանկությունից պատանեկության մերձեցող մանկանը։

— Հըը, ին՞չ կասես, տեսնո՜ւմ ես, հավանեցի՞ր,— գոչեց Մկիչը հիացած, երբ Սահակն ավարտեց իր երգը։— Լավ իմացիր մի քաղցր երգող հազար վաճառական արժի։ Գնանք,