— Ուրեմն ի՞նչ․․․
Վարդանը լռեց։ Նա ուզում էր հարցնել հորը, արդյոք չի՞ կարելի այնուհետև պարապել գորտի վաճառականությամբ։ Չէ՞ որ Զիլզիլի շրջակա ճահիճները լիքն են գորտերով․․․ Հատը մի ոսկի․․․ Ֆռանգստանում․․․ բայց նա չհամարձակվեց իր հետաքրքրությունն այդքան հեռու մղել և լռեց․․․
Այդ օրից «Ուռշիդի» հարստությունը Վարդանին հանգստություն չէր տալիս։ Հոր պատմած առասպելներին ավելացնելով մի շարք ուրիշները, սկսեց ընկերներին պատմել իբրև իրականություն։ Մի անգամ Ուռշիդի ադամանդյա զգեստները և ոսկե պալատները նկարագրելիս, պատահաբար ներկա էր վերջին դասարանի աշակերտ Դանիել Դալբաշյանը — Աբրահամ աղայի որդին, լայն երեսով, մեծ բերանով և մեծ քթով մի տգեղ էակ, սակայն բարեսիրտ։
— Այդ միլիոնատիրոջ անունը Ուռշիդ չէ, Ռոդշիլդ է,— նկատեց Դանիելը, բարեսրտաբար ծիծաղելով։
Մի ուրիշ անգամ, երբ Վարդանը դարձյալ ոգևորված խոսում էր իր բարձրագույն իդեալի մասին, Մկիչն ասաց․
— Քո Ռոդշի՞լդն է մեծ մարդ, թե՞ գեներալը։
— Իհարկե, Ռոդշիլդը, նա փողով ինչ ուզե, կարող է անել։ նա թագավորներին էլ է պարտք տալիս։
— Փի՜շտ, փի՜շտ։— գոչեց Մկիչը և մի թեթև բռունցք հասցրեց Վարդանին։
— Իմ խելքով Ռոդշիլդից էլ, գեներալից էլ մեծը կաթողիկոսն է,— ասաց Մինասը։
— Մեր գավառապետը եթե թագավորից հրաման ստանա, քո կաթողիկոսին էլ կարող է բանտարկել,— մեջ մտավ Մարտիրոսը, բոթելով Մինասի կողը։
Վիճաբանությունը կարող էր սուր բնույթ ստանալ և գուցե հարկադրեր Մկիչին բռունցքի ուժով բոլորին համոզել, թե գեներալից մեծ մարդ չկա աշխարհի վրա, եթե նրանց ուշադրությունը չգրավվեր մի հանգամանքով։ Գանգրահեր Լևոնը մի ինքնահնար երաժշտական գործիքի վրա նվագում էր մի անուշ հովվերգ, որ նա լսել էր թափառաշրջիկ աշուղից։ Այդ գործիքը ուրիշ ոչինչ էր, եթե ոչ դդումի չորացրած