Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/469

Այս էջը հաստատված է

կեղև, որի վրա կապել էր ձիու մազեր լարերի ձևով։ Նա նվագում էր այնքան արվեստորեն, որ ընկերները կարծեցին, թե սազ է գործիքը։ Բոլորը շրջապատեցին նրան։ Մկիչը իսկույն հրամայեց նրան նվագել պարելու եղանակ, և ինքը մեջտեղ ընկնելով, սկսեց պարել մյուս ընկերների ծափերի ներդաշնակությամբ։

Այս բոլորը կատարվում էր թուրքերեն լեզվի դասաժամին, որին միշտ ուշանում էր դասատու մոլլա-Նուսուլլան։

Հանդեսի ամենատաք միջոցին ներս մտավ մոլլան։

— Է՜վալլա, է՜վալլա,— գոչեց նա, ձեռները դնելով կողերի վրա,— մաշալլա, ադա դա ումի՞ հարսանիքն է։

Մկիչը ուշադրություն չդարձրեց և շարունակում էր ոստոստալ։ Լևոնը նույնպես շարունակում էր․ նա մոլլային չէր նկատել։ Արդեն վաղուց մոլլան ոխ ուներ այդ «աներես» աշակերտների դեմ, որ նրանից չէին վախենում և ոչ էլ ամաչում։ Նա հարձակվեց Մկիչի վրա, որ բռնե։ Ճարպիկ աշակերտը մի ոստումով փախավ, ազատվեց։ Նրան հետևեցին մյուսները։ Եվ այդ օրը թուրքերեն լեզվի դասատվությունը չկայացավ։

IV

Հաջորդ տարին ամառվա վերջերին Աթանեսը հանկարծ ընկավ անսովոր մելամաղձության մեջ։ Ասենք, առանց այդ էլ մի ուրախ մարդ չէր, բայց այժմ դարձավ միանգամայն անտանելի։ Երեկոները, տուն վերադառնալով, դարպասից մտած չմտած՝ կանչում էր լեզգի Օսմանին և կոշտ ու կոպիտ հանդիմանում էր նրան առանց առիթի կամ ինքը հորինելով որևէ առիթ։

Սենյակ մտնելով, նա հարձակվում էր կնոջ վրա, դարձյալ երևակայական զանցառությունների պատրվակով։ Հայհոյում էր նրան, որպես երբեք չէր հայհոյել, տարօրինակ, նորահնար հիշոցներով, որոնք երբեմն դիպչում էին Գյուլումի ամենահեռավոր ազգականներին անգամ։ Այնուհետև