Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/470

Այս էջը հաստատված է

անսովոր շտապով, շրթունքներն ու մատներն այրելով, երկու բաժակ թեյ էր խմում և իսկույն առանձնանում։ Չորս սենյակներից մեկում, մի հատիկ մոմի աղոտ լուսով համարակալի վրա ինչ-որ հաշիվներ էր անում, ընկնում էր խորին մտածողության մեջ, փնթփնթում, ձեռով ճակատը տրորում, ատամներով բեղերը կրծոտում։ Այդ րոպեներին նրա բերանից թռչում էին այնպիսի անեծքներ, որոնց նմանը հազիվ թե մի ուրիշը արտասանած լիներ Զիլզիլ քաղաքում։ Թե ումն էր այդպես մկրտում և ինչու— միայն ինքը գիտեր։ Նրա շանթակիր հայացքները անցնում էին մի պատից մյուսը, բարձրանում էին առաստաղը, իջնում էին հատակը, դիմում էին դեպի դռները, կարծես, ամենուրեք որոնելով իր մտածումների, իր կատաղության, իր արտասովոր տանջանքների չար ոգուն, որի մարմնավոր պատկերը, սակայն, իր ուղեղի մեջ էր․․․

Գյուլումը մտածում էր — չէր գտնում ամուսնու այդ տարօրինակ, այդ անսպասելի փոփոխության պատճառը։ Նա հարցնում էր Վարդանին, բայց պատանին էլ նույնքան գիտեր, որքան ինքը, այսինքն՝ ոչինչ։ Մի օր նա փորձեց հարցնել Աթանեսին, բայց բերանը բաց արած չբաց արած, զղջաց։

Աթանեսը գռռաց․

— Քաշիր լեզուդ փորդ, եթե չես ուզում, որ կտրեմ։

Մյուս օրը Գյուլումը գնաց աղջկա մոտ և խնդրեց, որ սա իր ամուսնու միջոցով Աթանեսի առևտրական գործերի մասին որևէ տեղեկություն իմանա։ Բայց այդտեղից էլ նա մի որոշ բան չիմացավ։ Այնինչ՝ Աթանեսը քանի գնում այնքան անհանդուրժելի էր դառնում։ Այժմ նրա հետ ոչ մի բանի մասին խոսել չէր կարելի։ Նա կատաղում էր նույնիսկ այն ժամանակ, երբ կինը առավոտները հարցնում էր, թե ինչ կերակուր է ցանկանում, որ պատրաստվի։ Բանն այնտեղ հասավ, որ խեղճ կնոջ ձայնը, շարժումները, քայլվածքը, շշնջյունն անգամ նրան գրգռում էին, և Գյուլումն ամեն կերպ աշխատում էր խույս տալ նրա հայացքից։

Մի երեկո Աթանեսը նոր էր վերադարձել շուկայից, երբ ծանր քայլերով և գլուխը սովորականից բարձր պահած ներս