Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/472

Այս էջը հաստատված է

— «Դե լավ, յոթը շայի ստացիր մանեթին, աստված, երկինք ու երկիր վկա, որ ավելի տալ չեմ կարող։

— «Մանեթին մանեթ, մանեթին մանեթ, ականջներ ունե՞ս, թե՞ խուլացել ես։

— «Լավ, որ իսկի մի կոպեկ էլ չտամ, ի՞նչ պիտի անես,— ասաց Աբրահամ աղան այնպիսի դիվային ձայնով, որ Վարդանի մարմնով սարսուռ անցավ։

— «Օրենք կա, չէ՞, դատաստան կա, չէ՞,— գոչեց Աթանեսը խուլ ձայնով։

— «Մինչև օրենքը գործի քննելը, դու էլ, ես էլ գերեզման կմտնենք։

— «Ոչ, չեմ թողնի քեզ, որ քո մահով մեռնես, ահա այս չորացած ձեռներովս կխեղդեմ քեզ․․․

— «Դեհ, խեղդիր, պրծիր էլի»․․․

Քանի մի վայրկյան տիրեց լռություն։ Վարդանին թվաց, որ, իրավ, հայրը հարձակվեց Աբրահամի վրա և խեղդում է նրան։ Նա ամբողջ մարմնով դողաց և կամեցավ դռները բանալ ու ներս վազել, բայց դռները փակ էին ներսից։

— «Աբրահամ,— լսվեց, վերջապես, Աթանեսի ձայնը,— տունս մի՛ քանդիր, կին ունեմ, զավակներ ունեմ։

— «Ես էլ ունեմ, իմ տունը քանդվում է, թող քոնն էլ քանդվի։

— «Որ այդպես է, քեզ բանտ նստեցնելը մեղք չէ։

— «Նստեցրու, ինչ արած, կնստեմ։

— «Աբրահամ, մի արա այդ բանը, վերև աստված կա, կրակ կթափի գլխիդ․․․

— «Ես ոչ առաջինն եմ, ոչ վերջինն եմ լինելու, ինձ նմանները շատ կան։

— «Չկան մեր քաղաքում, չկան, սկսողը դու ես։

— «Մի երկարացնի, ուզո՞ւմ ես մանեթին քառասուն կոպեկ։

— «Չէ, չէ ու չէ։

— «Մնաս բարով։

— «Աբրահամ․․․

— «Հետո գլխիդ կթակես ու վայ կկանչես․․․

— «Աբրահամ․․․