Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/473

Այս էջը հաստատված է

— «Չեմ կարող, չեմ կարող, չեմ կարող։

— «Դե դուրս, դուրս, անամոթ, դուրս, անպատկառ, աննամուս, դուրս, շան կաթ կերած, դուրս, քո հոր ոսկորները, դուրս, քո գդակը․․․ քո բեղերը․․․ քո հոգին․․․ քո հավատը․․․»։

Վարդանը մի ոստումով արդեն հեռացել էր դռներից ու կուչ եկել սենյակի անկյունում։

Դռները բացվեցին։ Աբրահամը դուրս եկավ։ Եթե սենյակը լավ լուսավորված լիներ, Վարդանը կտեսներ իր պատվելի կնքահոր երեսից հոսող արյունը, և նրա աչքերի սոսկալի արտահայտությունը։

Դժբա՜խտ երեկո, ավելի դժբա՜խտ գիշեր, որ Վարդանն անցկացրեց անքուն մինչև լույս։

Նա շարունակ տրորվում էր անկողնի մեջ, հառաչում, ականջ դնում հոր ննջարանի կողմը, ուսկից, սակայն, ոչ մի ձայն, ոչ մի շշունջ չէր լսվում․․․ Նա շատ բան էր հասկացել Աբրահամ աղայի ասածներից, պակասը լրացրել էր մայրը, որին Մարիամի ամուսինը տվել էր մի քանի տեղեկություններ Աբրահամի գործերի մասին։ Նրա հայրը կորցնում է իր ամբողջ ազատ դրամագլուխը, նա ինքը զրկվում է սեփական փողերից և հավասարվում էր աղքատ ընկերներին։ Այնինչ — դեռ երեկ իրեն համարում էր հարուստ։ Որքա՜ն պիտի ծիծաղեն նրա վրա ընկերները և ուրախանան չկամությունից, մանավանդ այդ քոսոտ ու հոտած Մարտիրոսը։

Լուսադեմին միայն նա կարողացավ քնել։ Բանալnվ աչքերը, նա իր անկողնի մոտ տեսավ հորը։

— Աբրահամ աղան պիտի կո՞ւլ տա մեր փողերը,— եղավ նրա առաջին խոսքը։ Աթանեսը գունատ էր, աչքերի կոպերն ուռել էին անքնությունից, դեմքն արտահայտում էր դառը տանջանք, կրծող վիշտ։ Նա տարօրինակ հայացքով նայեց որդու երեսին և տարօրինակ եղանակով արտասանեց․

— Գայլ եղիր, գայլ, որ քեզ չուտեն, որ դու ինքդ ուտես գառներին։