Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/476

Այս էջը հաստատված է

լինի այսօրվա օրը միտդ բերել և քո հոր վրեժն առնել Աբրահամի որդիներից։ Քո հարստության ուժով դու պիտի թոկ գցես նրանց վզին և խեղդես, խեղդես։ Թող գոռան ցավից, թող աղաչեն, աղերսեն, բայց դու չպիտի խնայես նրանց։ Դու պիտի այն օրին հասցնես նրանց, որ դռնեդուռ ման գան, մուրացկանություն անեն, և դու ծիծաղես նրանց երեսին, թքես նրանց վրա, մի քանի կոպեկ շպրտելով․․․

— Բավական է, մարդ, մի՛ անիծիր որդուդ,— գոչեց Գյուլումը, որ ներկա էր և սարսափով էր լսում ամուսնու խոսքերը։

— Դո՛ւ լռիր, դա անեծք չէ, դա օրհնություն է։

Եվ նա նայեց որդու երեսին, որ գիտենա, թե ինչ տպավորություն գործեցին նրա վրա իր խոսքերը։ Վարդանը լուռ էր։ Ձեռները կրծքին դրած, գլուխը թեքած, նա անշարժ լսում էր հոր խոսքերը և ոչ միայն լսում, այլև նրա յուրաքանչյուր բառը դրոշմում էր մտքի մեջ։ Եվ երբեք նրա դեռահաս գլուխը այնպես չէր գործել, որպես այժմ։ Նա ապագայի համար դարբնում էր վրիժառության մեկը մյուսից սոսկալի մեքենաներ։ Առանց հոր խոսքերի էլ նրա սիրտը լեցվել էր թունավոր կիրքով։ Հրդեհված կրծքի մեջ հայրը միայն մի բուռ յուղ թափեց։

Նա չոքեց հոր առջև, բռնեց նրա ձեռքը, համբուրեց, դրեց ճակատին։

«Ես կկատարեմ քո ավանդը»— այս էր նրա համբույրի լուռ իմաստը․․․

V

Սափրիչ Պողոսի խանութը գտնվում էր Զիլզիլ քաղաքի կենտրոնում, մի կիսախարխուլ տան անկյունում։ Դա մի ոչ այնքան ընդարձակ սրահ էր, պատերն անպաստառ, կիսավեր, առաստաղը թանձր մուխից սևացած, հատակը ծածկված ցեխի, մուրի և մարդկային մազերի զզվելի շաղախով։ Միակ լուսամուտի ապակիները վաղուց էին փշրվել, և այժմ