Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/479

Այս էջը հաստատված է

— Ուստա Պողոս, խոսքիդ ջովհարն եմ հասկանում,— ասաց Բունիաթը,— մենք էլ վաճառական ենք եղել, քչից շատից խելք ունենք։ Ասա, տեսնենք։

Նա վերցրեց երկաթյա խառնիչն ու մանղալի կրակը ցրեց։ Ծուխը մի փոքր մեղմացավ, ուրախ կրակն ամենքին տրամադրեց զվարթ։ Շերամապահ Անտոնն ամենից առաջ ըմբռնեց Պողոսի ու Բունիաթի խոսքերի բուն իմաստը։

— Չլինի՞ թե,— ասաց նա, դառն թամբաքուի չիբուխը բերնից հանելով և բեղերի ծլլոցը սրբելով,— չլինի՞ թե Աբրահամ աղան ուրիշների կարողությունը տակովն է անում։ Չը՜րթ,— թքեց նա ատամների արանքով մանղալի մեջ և չիբուխը նորից դրեց բերանը։

Ուստա Պողոսը ոչինչ չպատասխանեց, բայց և չհերքեց էլ շերամապահի հանդուգն ենթադրությունը։ Մյուսները, բացի Բունիաթից, բողոքեցին, մանավանդ տիրացու Գալուստը։ Սուտ կո՞տր, Աբրահամ աղան սուտ կո՞տր։ Չէ՛, դա խելքի մոտիկ բան չէ։ Աբրահամ աղան քաղաքի ամենաազնիվ վաճառականն ու ամենամաքուր մարդն է։ Ահա տասներկու տարի է եկեղեցու երեսփոխ է և ինը տարի է քաղաքի դեպուտատն է։ Մինչև այսօր ո՞վ է համարձակվել նրա անունին կեղտ կպցնել։

— Տիրացու,— նկատեց շերամապահ Անտոնը, որ ատելով ատում էր տիրացու Գալուստին,— ինչպես տեսնում եմ, Աբրահամի դոլման ու փլավը շատ ես հավանել։ Անուշ լինի, ո՞վ է ասում։ Չը՜րթ,— դարձյալ մանղալի մեջ։

— Իհարկե,— ասաց ուստա Պողոսը,— մեզանից ո՞ր մեկը չէր խաբվի, եթե տանն ուներ մի չար սատանա։ Գիշեր-ցերեկ սատանան կողքդ կբզբզե ու ականջիդ կփսփսա՝ «արա՛, արա՛», դու էլ կանես էլի, ի՞նչ զարմանալու բան է։ «Քիի՜շ-չըը՜շ, չիի՜շ-չը՜շ»,— շարունակեց նա սրել ածելին։

Ամառը որմնադիր, ձմեռն անգործ Հայրապետն իմաստուն եղանակով նկատեց, թե բարեպաշտ քրիստոնյային ոչ մի սատանա չի կարող շեղել աստծու ճանապարհից, եթե նրա մեջ չարության սերմ չկա։