Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/48

Այս էջը հաստատված է

— Բայց ես պարտավոր եմ ձանձրացնել, որովհետև այդ ոչ միայն մեր հոր, այլև մեր մոր կամքն է:

— Ինչո՞ւ։ Որովհետև ես շառլատան եմ, իսկ դու օրինավոր մարդ, ես անբարոյական եմ, դու բարոյական, չէ՞: Նեղություն կրիր, բարոյական մարղ, գնա հենց այս րոպեիս, գնա մայրիկի սենյակը տես խեղճ կինն ո՛ւմ պատճառով է արտասուք թափում — ի՞մ, թե՞ քո... Ցտեսությո՛ւն, վաղն առանց այլևայլի կվճարես ուստա Բարսեղին իմ պարտքը, մուրհակը հետ կվերցնես, ինձ համար կպատրաստես հինգ հազար ռուբլի։ Ես ունիմ ուրիշ պարտքեր էլ։ Բոլորը կվճարես ու կգրես իմ հաշվին։

Նա դուրս գնաց, արհամարհանքով լի մի հայացք ձգելով եղբոր վրա։

Սմբատը վրդովված ձեռը զարկեց սեղանին և ոտքի ելավ։ Ահա ի՜նչ. նույնիսկ այդ մինչև ոսկորների ծուծն ապականված երիտասարդը կշտամբում է նրան, երեսովը տալիս նրա անուղղելի սխալը։ Ի՞նչ կարող է անել այդ մարդու վերաբերմամբ, ի՞նչպես «ճանապարհի բերել», քանի որ ինքը չի կատարում իր վրա և իր վերաբերմամբ դրված ծանր պարտքը։

«Բայց այնուամենայնիվ ես քեզ չեմ թողնիլ քո կամքին», վճռեց նա մտքում։

IV

Ի՜նչ, տարիներ շարունակ կատարել հասարակ գործակատարի կրավորական պաշտոն, տառապել մի կամավոր և մանրակրկիտ ծերունու սուր հայացքների տակ, հնարել ամեն անգամ պես-պես ստեր՝ ավելորդ ծախսերն արդարացնելու համար, և հաճախ անմաքուր ձեռներով մոտենալ հայրական սնդուկին, և կամա-ակամա փափագել հարազատ ծնողի մահն այն հույսով, որ այդ մահով պիտի ազատվի կապանքից։ Ի՞նչ, մեռնի վերջապես հայրը, թողնելով ահագին ժառանգություն և հանկարծ ինքը ղրկվի օրինական իրավունքներից և ընկնի մի նոր հսկողի ու կշտամբողի հովանավորության տա՞կ։