Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/480

Այս էջը հաստատված է

— Սատանա էլ կա, սատանա էլ,— հակաճառեց Բունիաթը։— Ուստա Պողոսը որ բերանը բաց արավ, իսկույն իմացա քամին որտեղից է փչում, չը՜րթ․․․

— Աֆարի՜մ մարդ,— գովեց նրան Պողոսը,— ուրեմն դու Աբրահամ աղայի եղբորը՝ Իսրայելին շատ լավ ես ճանաչում։ Չի՜շ-չը՜շ, չի՜շ-չը՜շ։

Իսրայելի անունն ընդհանուր ատելություն և նողկանք շարժեց։ Այդ տակավին երիտասարդ վաճառականը քաղաքի պահպանողականների աչքում վարկ չուներ իր նորմալության շնորհիվ։ Ամեն տարի նա Մոսկվայից կամ Նիժնի-Նովգորոդից մի որևէ նորություն էր բերում։ Այս անդամ նա այնտեղից վերադարձել էր բեղերը կռտած և արխալուղի փոխարեն օձլած շապիկ ու կարճ բաճկոն հագած։ Բավական չէր այդ, նա իր կնոջն էլ ստիպել էր տեղական հագուստի փոխարեն հագնել ռուսի «սարաֆան» և երեսը բաց փողոց դուրս գալ, այսպիսով մոլորեցնելով ուրիշների կանանց էլ։

— Ա՜յ, աղա դու ես, հենց այդ լիրբ Իսրայելն է ամեն բան սարքողը,— վստահացավ, վերջապես, ասել ուստա Պողոսը,— թե չէ ինքն Աբրահամ աղան օրինավոր մարդ է։ Չը՜շ-չի՜շ, չը՜շ-չի՜շ․․․

— Բերանդ օրհնվի, ասա պրծիր էլի, — գոչեց Անտոնը։— Չը՜րթ, ումի փողերն է տակովն անում։

— Մառոզովի․․․

— Ամոթ չլինի հարցնելը, գումա՞րը,— հետաքրքրվեց նախկին մանրավաճառ և այժմ անգործ Բունիաթը․․․

— Վաթսուն հազար մանեթ․․․ Չի՜շ-չը՜շ, չի՜շ-չը՜շ։

Ամբողջ ժողովարանն արձակեց մի ձայն, որ նման էր ագռավների կռիչքին։

— Բա՜հ, բա՜հ, աֆարիմ մարդ, աֆարի՜մ,— գոչեց Բունիաթը որպես թե հեգնաբար, բայց հոգու խորքում նախանձելով Աբրահամին։

— Մենակ Մառոզովը չէ վնասվողը, մեկն էլ մերոնցից է, — շարունակեց ուստա Պողոսը, ավելի լարելով ունկնդիրների հետաքրքրությունը։

— Ո՞վ է, ո՞վ,— հարցրին ամենքը միաբերան։ — Աթանեսը, չի՜շ-չը՜շ, չի՜շ-չը՜շ։