Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/481

Այս էջը հաստատված է

— Չը՜րթ․․․ խո՜զ Աթանե՞սը։

— Նա ինքը։

Ամբողջ ժողովարանում չգտնվեց մեկը, որ, այդ մարդու անունը լսելով, կարեկցություն արտահայտեր։ Ընդհակառակը, ոմանք նույնիսկ ուրախացան առանց թաքցնելու իրենց ուրախությունը։ Աթանեսը մի անխեր մարդ է, ոչ ոք մինչև օրս նրա տանը մի բաժակ թեյ չի խմել, ոչ ոքի մինչև օրս մի կոպեկի լավություն չի արել։ Տնից խանութ է գնում, խանութից տուն, մինչև անգամ եկեղեցի էլ չի գալիս։ Նա միայն մի բան գիտի — հայհոյել ու հայհոյել։

Ժողովը տրամադիր էր Աթանեսին ավելի պարսավելու, բայց հանկարծ հևալով ու շնչասպառ ներս մտավ Վարդանը։ Ամենքը լռեցին։

— Ուստա Պողոս, հայրս քեզ կանչում է,— ասաց Վարդանը։

— Ի՞նչ է պատահել, որդի։

— Հիվանդացել է, արյուն պիտի առնել։

— Խե՜ղճ մարդ, խե՜ղճ մարդ,— գոչեց ամբողջ ժողովարանը, մեկը մյուսի ետևից։

Պողոսը շտապով ժողովեց ինչ որ հարկավոր էր, դրեց կռնատակը ու Վարդանի հետ դուրս գնաց։

— Տիրացու,— ասաց Անտոնը,— քացախ խմիր, որ ախորժակդ բացվի, քեզ համար հոգեճաշ է պատրաստվում։

Ուստա Պողոսը Աթանեսին գտավ անկողնու մեջ։ Պատահել էր հետևյալը։ Մի ժամ առաջ թշվառ մարդը գնում է Աբրահամի վերջնական խոսքն իմանալու և, շատ չանցած, վերադառնում է խելագար վագրի պես։ Վերցնում է իր ժանգոտված դաշույնը, ուզում է գնալ Աբրահամին սպանելու։ Գյուլումը փորձում է նրան թույլ չտալ գնալու։ Աթանեսը հրում է նրան, գցում է գետնին ու դուրս է վազում։ Դռների մոտ մարդու ձեռները թուլանում են, գլուխը թեքվում է կրծքին, դաշույնը ձեռքից ընկնում է։ Նա թավալվում է և սկսում խռխռալ ընկնավորի պես։ Գյուլումը շտապում է պատռել արխալուղի օձիքը ու երեսին ջուր սրսկել։ Ոչինչ չի օգնում։ Մայր ու որդի, Օսմանի օգնությամբ մարդուն պառկեցնում են անկողին, և ահա կես ժամ է պառկած է մեջքի