զգացման տեղը։ Եվ նա տանջվելով ու տառապելով հանդերձ բռնակալի ձեռքում, զգում էր իր հոգին ու սիրտը նրա հոգու ու սրտի հետ ձուլված ու միացած մինչև գերեզման։
— Ի՞նչ ես ուզում, մարդ, ասա՛,— կրկնում էր նա կսկծալի եղանակով, ճիգ անելով զսպել իր հեկեկանքը, որ երկաթյա ունելիքի պես սեղմում էր նրա կոկորդը։
Եվ ոչ մի պատասխան բռնակալի փակ ու անշարժ շրթունքներից։ Նա քարացած հայացքով նայում էր մերթ կնոջը, մերթ որդուն, կարծես պահանջելով, որ իրենք տան իրենց հարցերի պատասխանը։ Կար ինչ-որ սոսկալի բան այդ նայվածքի մեջ, որ սառցնում էր արյունը Գյուլումի երակներում։
Ուստա Պողոսը գործադրեց իր վերջին կտրողական միջոցը, որից դենը չէր անցնում նրա հնարագիտությունը։ Նա Օսմանին հրամայեց մորթել մի սև հավ, փորոտիքը թաղել հողում ու մարմինը առանց փետրելու բերել։ Լեզգին իսկույն կատարեց նրա հրամանը։ Պողոսը հավը բաց արավ և փորի կողմով դրեց հիվանդի կրծքի վրա։ Սև հավը պիտի դուրս մղեր անհայտ ցավն այն խորհրդավոր զորությամբ, որ պարգևել էր նրան դարերի գռեհկությունն ու սնահավատությունը։
Ներս մտավ Մարիամն իր ամուսնու ուղեկցությամբ և, գլխի շալը մի կողմ շպրտելով, հարձակվեց հոր վրա։ Արդեն դռներին չհասած նա սկսել էր բարձրաձայն լալ, ձեռները կրծքին զարնելով, որպես արտահայտություն բարձրագույն վշտի։ Մի ծանր, երկարատև հառաչանք թռավ հիվանդի անսահման տանջվող կրծքից։ Այսպես, ուրեմն, նա մեռնում է։ Մի՞թե։ Մեռնում է, չկարողանալով մի բառ անգամ արտասանել այն ժամանակ, երբ նա դեռ չի ասել իր վերջին խոսքը։ Եվ հանկարծ նա արտասվեց, թույլ, խուլ և կցկտուր հեծկլտանքով։
— Թողեք, թողեք լաց լինի, դա լավ նշան է,— ասաց Մարիամի ամուսինը, Ստեփան Փորսողյանը։
Նա բողոքեց ուստա Պողոսի գործադրած միջոցների դեմ։ Այն օրից, երբ նա դեն էր ձգել ասիական քոշերն ու հագել