Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/484

Այս էջը հաստատված է

էր եվրոպական կոշիկներ, յուրացրել էր կիսակիրթ քաղաքացու այն հավակնությունը, որ ավելի հակակրելի է, քան լիակատար գռեհկությունը։

Նա ասաց․

— Մարդուն գցել եք, տավարի պես մորթել, կարծում եք դրանով կառողջացնե՞ք։ Ժամանակ է դեն շպրտել այդ նշտարն ու ածելին, այդ տզրուկներն ու սև հավերը։ Բաց արեք աչքներդ, խեղճե՛ր, աշխարհ ման եկեք, բան տեսեք։ Բժիշկներ են դուրս եկել, որ գերեզմանից մեռելին դուրս են բերում, ոտքի կանգնեցնում, կյանք տալիս։ Գիտություն է հարկավոր, ուսում, թե չէ․․․ դալլա՜ք։ Հըը, ի՞նչ ես երեսիս մտիկ անում, ուստա Պողոս, ասածս, քեֆիդ դիպչում է, հաա՞։ Տնաքանդ, մարդուց երկու ոչխարի արյուն ես քամել, նա ոտքի կկանգնի՞։ Ես իսկույն կգնամ, բժիշկ կբերեմ։

Ամբողջ օրը Աթանեսը մնաց միևնույն դրության մեջ և նույն դիրքում,— կողքի վրա անշարժ ձգված, ինչպես բունից սղոցված ծառ։ Ոչինչ փոփոխություն, ոչ դեպի լավը, ոչ դեպի վատը, նույն սեղմված շրթունքները, նույն արյունալի աչքերը, նույն խուլ տանջանքը դեմքի վրա։

Իրիկնադեմին Ստեփան Փորսողյանը ներս մտավ Զիլզիլ քաղաքի միակ բժշկի հետ։ Դա մի ծեր ու խուլ մարդ էր։ Վաղեմի գիտության աղքատիկ պաշարը նրա ալեզարդ գլխում չորացել էր այնչափ, որչափ արյունն էր պաղել երակներում։ Հարկավոր եղավ բավական երկար ժամանակ և մեծ ջանք Աթանեսի հանկարծակի հիվանդությունը և գործադրած միջոցները նրան բացատրելու համար։ Այս բանը մանավանդ դժվար էր Ստեփանի համար, որ գործ էր ածում այնպիսի բառեր, որոնց զուր կլիներ փնտրել ռուս բառագրքի մեջ։ Բժիշկը ոչինչ չհասկացավ և որովհետև չհասկացավ, ուստի դեղատոմս գրեց ու հեռացավ։

Հիվանդի գլխի մի կողմում նստած էր Գյուլումը, մյուս կողմում Մարիամը, երկուսն էլ ձեռները ծոցերին դրած։ Մերթ ընդ մերթ Գյուլումը հառաչում էր կամ շալի ծայրով շարունակ հոսող արցունքը սրբում։ Նա ոչինչ չգիտեր անել, բացի հառաչելուց, արտասվելուց, տանջվելուց, վասնզի միայն այդ բանում նրանից չէր պահանջվում կամքի ուժ։