հայր Աբրահամի հավատը փորձեց, հետո որդու զոհը չնդունեց, Հովբ երանելին մինչև վերջը դիմացավ, եղբայր Աթանես, դու էլ դիմացիր, Իսրայելի և Հակոբի աստվածը Հիսուսի զորությամբ քեզ կօգնի, աղոթք արա...
Եվ ի՛նչ հրաշք։ Հիվանդը, որ մինչև այդ վայրկյան լուռ էր, անշարժ, հանկարծ ցնցվեց, այլափոխվեց, աչքերը դարձրեց դեպի մոլեռանդ լյութերականը, նայեց երեսին սուր, երկար հայացքով և արտասանեց․
— Ձայնդ կարի'ր, փարիսեցի։
Ոչ մի ազգականի նա այդքան չէր ատել, որքան Դավիթ Դանիելյանին, նա միշտ ասում էր, թե մի մարդ, որ դավաճանել է պապերի հավատին, կարող է հարազատ եղբորն անգամ ծախել փողի համար։ Նա առհասարակ բողոքականությունը համարում էր անհավատություն և նա չէր քաշվում նույնիսկ շուկայում դեմառդեմ հայհոյել կրոնափոխներին։
Հիվանդի լեզվի անսպասելի բացվելն առաջացրեց իրարանցում։ Մարիամն ուրախությունից ճչաց ու ոտքի կանգնեց։ Գյուլումը հետևեց նրա օրինակին։ Վարդանը սենյակի անկյունից վազեց մոտեցավ հոր անկողնին և աչքերը հառեց նրա երեսին։ Հյուրերն ապշած միմյանց նայեցին։ Միայն Դավիթ Դանիելյանը չշփոթվեց։ Նա շարունակ արտասանում էր «Հիսուս, սիրելի Հիսուս, օրհնյալ լինի քո զորությունը»։
— Դուրս արեք անհավատին, դու՜րս,— գոռաց հիվանդը, որի աչքերը նմանվում էին արյունով լի պնակների։
— Աթանես եղբայր, մեղք մի՛ գործիլ,— ասաց լյութերականը,— աղոթք արա, հիշի Հովբ երանելուն, նրա երեսը փտեց, բերանը որդերով լեցվեց, միսը թափվեց մարմնի վրայից, բայց նա էլի աղոթք էր անում, էլի օրհնում էր աստծուն։ Տանջվիր, բայց աղոթք արա, հոգիդ դրախտ կգնա, Եհովայի գողը, աղոթք արա․․․
Դարձյալ հրա՜շք․ հիվանդը զարմանալի արագությամբ գլուխը բարձրացրեց, նստեց անկողնի մեջ։ Այժմ նրա այտերը կապտել էին, կոկորդի երակները դուրս ցցվել երկաթի լարերի պես։ Նրա լեզվի կապանքը խորտակվեց։ Անեծքների ու հայհոյանքների մի հոսանք դուրս ժայթքեց նրա բերնից։ Եվ ի՜նչ հայհոյանքներ։ Ներկելով ոտքից մինչև գլուխ