Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/489

Այս էջը հաստատված է

— Վախենում էի, որ Օսմանը չթողնի։ Ախ, ինչի՞ց է մեռնում հայրդ։

— Սպանեցին,— պատասխանեց Վարդանը։

— Սպանեցի՞ն։ Ինչ ես ասում, ո՞վ։

— Աբրահամ աղան։

Եվ Վարդանը պատմեց եղելությունը։ Պատմեց, անխիղճ կողոպտիչին հայհոյելով այն հիշոցներով, որ հորից էր լսել մի քանի րոպե առաջ։

— Մի՛, մի հայհոյի,— գոչեց Մինասը,— հայհոյանքը մեղք է։ Դու սուս արա, աստված ինքը կպատժի Աբրահամ աղային։

— Դու էլ թող է, աստված, աստված, եթե նա պատժող է, թող հենց հիմա, այս րոպեիս պատժի, որ սիրտս հովանա։

— Գողերը, մարդասպանները, ավազակները, ուրիշներին կողոպտողները մյուս կյանքումն են պատժվում։

— Տերտեր-վարդապետի պես ես խոսում։ Մյուս կյանքս ո՞րն է, չեմ ուզում քո մյուս կյանքը։ Թող այս աշխարհում լավ ապրեմ, հետո ուր ուզում են տանեն, գցեն հոգիս։

— Բա՜ա,— բացականշեց Մինասը, ապշելով,— այս ինչե՜ր ես ասում, Վարդան, աստված քեզ կպատժի, մեղա եկ...

— Դու հիմար ես, Մինաս,— արտասանեց Վարդանն արհամարհանքով,— հայրդ գլուխդ լցրել է ավետարանով ու աստվածաշնչով, խելքիդ համար տեղ չի թողել։

Այդ պահին նրանք անցնում էին Աբրահամ աղայի տան մոտով։ Վարդանը մի քանի վայրկյան կանգ առավ, նայեց լուսամուտներին, որոնց միջով փողոց էր սփռվել նորամուծ ֆոտոգենի լամպարների լույսը։ Դա երկու հարկանի մի շինություն էր՝ նորակառույց։ Ստորին հարկի լուսամուտները փոքր էին և երկաթե ցանցերով պաշտպանված, վերին լուսամուտները առանց ցանցերի էին և ներսի կողմից չվարագուրված։

Աբրահամն ուներ երեք որդի ու երկու աղջիկ։ Մեծ աղջիկն ամուսնացել էր մի տարի առաջ, փոքրը դեռ տանն էր։ Ավագ որդին՝ Արշակը, վաղուց տեղական ռուս դպրոցն