— Ոչ, լավ չէ, ներսում մարդիկ կան, քարը կդիպչի նրանց։
— Դու մարդ չես, մարդ,— գոչեց Վարդանը զայրացած և ամբողջ ուժով քարը նետեց դեպի վերին լուսամուտներից մեկը։
Լսվեց փշրվող ապակիների շառաչյունը, որ փողոցի ամայության մեջ առանձին ուժգնություն ուներ։ Վարդանը սարսափահար փախավ առանց հետ նայելու։
— Այդ ի՞նչ արիր,— գոչեց Մինասը, հազիվ նրան հասնելով,— դե լավ, էլ մի՛ վազիր, հետևող չկա։
Տեր-Համբարձումը ստիպված եղավ գինու մեջ թաթխած նշխարը Աթանեսի բերանն ուժով մտցնել։ Ժայթքելով կատաղի հայհոյանքների բուռը հոսանքը, հիվանդը նորից զրկվել էր խոսելու ընդունակությունից և մինչև վերջին շունչը այլևս ոչ մի բառ չարտասանեց․․․
Գյուլումն այրի է, Վարդանը որբ, խանութն անտեր։ Այժմ, երբ մարդն իր հաշիվները վերջացրել է անցավոր կյանքի հետ, բոլորը ցավակցում են նրա կնոջն ու որդուն։ Այժմ նույնիսկ ինքը Աթանեսը վատ մարդ չի թվում, ճշմարիտ է, անօգուտ մարդ էր, բայց ո՞վ է նրանից մի վնաս տեսել։
Այսպես էր դատում Զիլզիլ քաղաքի հասարակական կարծիքը, որի գլխավոր բերանն էր ուստա Պողոսի սափրատունը։ Այժմ այնտեղ անխնա դատապարտում էին Աբրահամ աղային, մանավանդ նրա «պրտկերես» եղբորը, Իսրայելին։ Անխիղճ մարդիկ, կլանեցիք ուրիշի արյուն-քրտինքով վաստակած փողերը, իրան էլ գերեզման մտցրիք և այժմ ինքներդ ապրում եք հանգիստ, բախտավոր։
Բայց հասարակական կարծիքը սափրիչ Պողոսի արհեստանոցում չարաչար սխալվում էր։ Աբրահամ աղան հանգիստ ապրելու բախտից տակավին շատ հեռու էր։ Նա իր հաշիվները չէր վերջացրել Մառոզովի հետ։ Նա վախենում էր, որ պարտատերը դատ կբանա Դալբաշյան եղբայրների դեմ, և հանդիմանում էր Իսրայելին, թե ինչու իրեն մոլորեցրեց և փորձանքի մեջ, ձգեց։
— Ինչո՞ւ ագահությունից կուրացանք և մեր ազնիվ