ձեռքում։ Այս շաբաթ ես կգնամ Բաքու, մաղազինը կսարքեմ։ Դու ուսումդ վերջացրու, հետո կգաս։ Աշխատիր ռուսերեն գրել-կարդալը լավ սովորել, ևս առավել խոսելը։
Այդ երեկոյից Վարդանի երագների ու ցնորքների առանցքը Բաքուն դառավ։ Արդեն այդ քաղաքի մեծության ու հարստության վերաբերմամբ շատ բաներ էր լսել և շատ անգամ էր մտածել այդտեղ գնալու մասին։ Այժմ երևակայությամբ նա արդեն այնտեղ էր և պատկերացնում էր իր քեռու մաղազիան և իր գործունեությունը։ Ահա նա, գնողներով շրջապատված։ Հազիվ կարողանում է նրանց պատվերները կատարել։ Դրամարկղի մոտ կանգնած է մորեղբայրը ուրախ ու զվարթ, հարյուրանոցներ է, որ ստանում է, մանրացնում ու գցում դրամարկղի մեջ։ Երեկոները նրանք հաշվում են օրվա եկամուտը և միասին ուրախանում և այլն, և այլն․․․
— Մայրիկ,— դարձավ նա մի օր մորն երևակայության բորբոքուն պահին,— մի՞տդ է, հայրիկն ինձ ինչ պատվիրեց մահվան օրը․․․Նա ասաց, դու պետք է հարստանաս և Աբրահամ աղայից ու նրա որդիներից իմ վրեժն առնես, ասաց․ «Ես քեզ իմ գերեզմանից կանիծեմ, եթե խոսքս մոռանաս»։
— Թո՛ղ այդ խոսքերը, որդի, մոռացիր։ Հայրդ չարացած էր, ասաց ու գնաց։ Դա սովորիր մարդկանց լավություն անել, թե չէ քեզ էլ կանիծեն, ինչպես հայրդ էր անիծում Աբրահամին և ինչպես շատերն են անիծում հորդ, որ իր կյանքում ոչ մի մարդու բարություն չարավ և մյուս աշխարհը գնաց, ձեռը դատարկ։ Մոռացի՛ր նրա խոսքերը։
— Ինչպե՞ս կարող եմ մոռանալ, որ փողերս կերան։ Ամեն անգամ փողոցում Դալբաշյաններից մեկին տեսնելիս արյունը գլուխս է տալիս, ուզում եմ քարով նրա քիթ-պռունգը ջարդել կամ վրեն հարձակվել ու եղունգներով աչքերը դուրս գջլել։ Բայց, պռոշներս կրծոտելով ինձ պահում եմ ու ինքս ինձ ասում․ «Համբերի՛ր, Վարդան, համբերիր, ժամանակը կգա, դու աշխատիր հարստանալ»։
— Անուն աշխատիր, որդի, անուն, լավ անուն։
— Փող որ ունենամ, անունն էլ ետևից կգա։ Ո՞ր քաղցած փորով մարդու անուն է հիշվում մեր քաղաքում։
Շուտով Վարդանը Բաքվից ստացավ մի գիրք։ Մորեղբայրն