Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/498

Այս էջը հաստատված է

էր ուղարկել, պահանջելով, որ նա կարդա այդ գիրքը և անգիր անե։ Դա առևտրական տարրական կանոնների և հաշվեգիտության մի ձեռնարկ էր։ Մի գիրք, որ Վարդանի ավետարանը դարձավ։ Նա կարդում էր, ուսումնասիրում և անգիր սերտում պայմանագրերի, մուրհակների և վաճառականական այլ գրությունների օրինակները։

Մի օր, վերջապես, ուսումնարանում հայտնեց ընկերներին, թե շուտով Բաքու է գնալու։ Երևաց, որ մենակ ինքը չէ ավետյաց երկրի մասին երազողը, այլ գրեթե բոլոր աշակերտները։

— Դո՞ւ ինչ պիտի անես այնտեղ,— հարցրեց նա Մինասին կիսահեգնանքով։

— Պիտի մտնեմ ռեալական դպրոց ուսում շարունակելու։

— Արհեստավորի որդու համար ստացած ուսումդ էլ շատ-շատ է։

— Հայրս էլ այդպես է ասում,— ասաց համեստ պատանին հեզությամբ,— բայց մորեղբայրս ինձ կանչում է։

— Մորեղբայրդ ի՞նչ գործի է Բաքվում։

— Մի նավթային հանքում գործակատար է։ Ամեն շաբաթ ես մորս կողմից նամակ եմ գրում։ Շատ հավանել է նամակներս, գրում է հորս, որ ինձ թույլ տա ուսումս շարունակելու։

— Ես էլ եմ Բաքու գնում,— մեջ մտավ գանգրահեր Լևոնը։

— Քեզ ո՞վ է տանում։

— Մենք ընտանիքով ենք գնում։ Հայրս այնտեղ խանութ է բանալու։

— Դուք կարծում եք, ես այստե՞ղ պիտի մնամ, — ասաց քսու Մարտիրոսը, որ ոչ մի բանում չէր ուզում իր ընկերներից հետ մնալ։

— Պակասը դու էիր,— գոչեց Վարդանը, միանգամայն կատաղելով բոլոր ընկերների դեմ, որոնք կարծես խոսքը մեկ էին արել նրա հացը ձեռքից խլելու։ — Մկիչ, ուրեմն, մենակ դո՞ւ ես մնում Զիլզիլում։

— Իսկի էլ չեմ մնա, ձեզնից պակա՞ս եմ, ինչ․․․