Հետո ընկերները խոսեցին իրենց ապագայի մասին, յուրաքանչյուրը հայտնեց իր փափագն ու ձգտումները։
Մինասն ասաց, թե կկամենար այնքան ուսում առնել, որ գիտնար, թե օրացույց կազմողները ինչպես են գուշակում լուսնի ու արեգակի խավարումը։
Լևոնը խոստովանեց, թե ինքն էլ առայժմ չգիտե, ինչ է ուզում լինել, բայց չէր կամենալ անհայտ մարդ մնալ։
Մկիչը փափագ հայտնեց մի օր գնալ Դաղստան, տեսնել Շամիլի ծննդավայրն և այն տեղերը, ուր նա կռվել էր ռուսների դեմ․․․
Մարտիրոսը ջերմ ցանկություն արտահայտեց մի օր ոստիկանապետ դառնալու։
Մարտին Բաղդանիչը, միշտ հիշելով Աթանեսի նվերները, մինչև վերջը մնաց հավատարիմ իր համակրության մեջ և Վարդանին տվեց ընտիր ուսումնավարտի վկայական։ Չվշտացրեց և մյուս ուսումնավարտներին, յուրաքանչյուրին տալով լավ թվանշաններ։ Վերջին օրը պատկառելի մանկավարժը մի խրատական ճառ ասաց․
— Աշխատեցեք մարդ դառնալ,— ավարտեց նա իր խոսքը,— որ երեսս պարզ անեք ձեր ծնողների մոտ։ Չմոռանաք Մարտին Բաղդանիչին հաա՜, թե չէ աստված ձեզ կպատմի։ Լավ իմացեք, որ ինչքան էլ մեծ մարդ դառնաք, պատճառն ես եմ։ Քիչ բան չէր ձեր նման անասուններին մարդ շինելը։ Դե, հայդա՜, գնացեք, բարի ճանապարհ ու հաջողություն։ Էհե՜, էհե՜ , չեղավ, ա՜յ հենց իսկույն ցույց տվեցիք ձեր էշությունը։ Հենց այդպես սուս ու փուս գնում եք էլի՞․․․
— Սմի՜ռնո,— աղաղակեց քիթը ծուռ Մկիչը,— կանգնեցեք շարքով։ Այդպես։ Գդակներդ վերցրեք։ Այդպես։ Մեկ, երկու, երեք, հուռռա՜, կեցցե՜ Մարտին Բաղդանիչը, հուռռ՜ռա, երեք անգամ․․․Դե բավակա՜ն է․․․
Եվ, կանգ առնելով տեսչի առջև ձեռը զինվորական ձևով պահեց քունքի մոտ և «մեկ, երկու, երեք» արտասանելով, հեռացավ։ Նրան հետևեցին ընկերները, բարձրաձայն քրքջալով։
Մի շաբաթ անցած Վարդան Ահրումյանը ուղևորվեց Բաքու։