VII
Կասպյան ծովի մի ծոցում, թիկունքը ժայռերին տված, կծկվել էր մի ավան, չոր ու ցամաք, ինչպես մեկը Սուրիո ծովափնյա գյուղերից։
Քաղաք էր կոչվում նա, այն էլ բազմադարյան պատմություն ունեցող քաղաք։ Երբեմն մարդիկ նրան բերդ անունն էին տալիս, աչքի առջև ունենալով նրա կրկնաբոլոր բարձր քարե պարիսպները, որոնք իբր թե մի ժամանակ ծառայել էին որպես պատսպար երկրի արտաքին թշնամիների հարձակումների դեմ և որոնք այժմ միայն հնախույզների հետաքրքրությանն էին արժանանում։ Փողոցները ծուռ ու մուռ, անսալահատակ, նեղ, այնքան նեղ, որ տեղ-տեղ երկու մարդ հազիվ կարող էին քովե քով անցնել առանց իրարու հրելու։ Բուսականության կատարյալ բացակայություն, աղբյուրներ չկային, ջուրը ստացվում էր բակերում փորված հորերից, այն էլ մի ջուր, որ շատ չէր տարբերվում ծովի աղեջրից։ Ամենուրեք աղբակույտեր, ուր որ մինչև իրիկուն կեր էին որոնում շներն ու կատուները։ Գորշ էր ամեն ինչ, և՛ տները, և՛ մահմեդական մզկիթը, և՛ քրիստոնեական եկեղեցին, և՛ բնակիչների դեմքերը։ Կարծես մի ինչ-որ աներևույթ ձեռ քաղաքը սքողել էր դաժան տրտմության շղարշով։
Պարիսպներից դուրս կար մի ուրիշ քաղաք, նորը, ժամանակակիցը։ Բաղկացած էր նա ընդամենը մի քանի հարյուր տներից։ Այստեղ փողոցները համեմատաբար ավելի լայն էին, տներն ավելի մեծ, ոմանք նույնիսկ երկհարկանի։ Սակայն պատկերը նույնն էր, ինչ որ բերդի ներսում, դարձյալ մաքրության ու բուսականության լիուլի բացակայություն։ Քամի լինելիս քաղաքը ստանում էր հսկայական աղորիքի կերպարանք։ Ավազյա փոշին բարձրանալով և օդը լցնելով, թափանցում էր ամենուրեք, սկսած տների ամենանվիրական անկյուններից մինչև մարդկանց ծոցն ու կոկորդը։ Գուցե այս էր պատճառը, որ թշվառ բնակիչների մեծ մասը տառապում էր սուր աչքացավով ու կոկորդացավով։ Եվ որովհետև այդ դաժան երկրում քամին մի առասպելական չարիք էր, որ պարբերաբար կրկնվում էր ամիսը մի քանի