Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/502

Այս էջը հաստատված է

կանոնավոր ընթացք։ Մաղազինը տեղավորված էր այնտեղ, ուր կանխավ որոշել էր ճարպիկ խանութպանը, այն է՝ ծովափնյա փողոցում, ուղիղ լավագույն նավահանգստի դեմ։ Իր տեսակի մեջ նա միակն էր և առաջինը թե՛ ուտելիքների ու ըմպելիների բազմատեսակությամբ և թե նրանց շնորհալի ճաշակով ու գրավիչ դասավորությամբ։ Եվ որքան խանութն իր արտաքինով տարբերվում էր մյուս խանութներից, նույնքան և ինքը Սարգիս Հախվերդյանն էր տարբերվում մյուս խանութպաններից։ Այցելելով լայնատարած Ռուսիայի գլխավոր քաղաքները, շփվելով իր երկրացիներից մի աստիճան ավելի քաղաքակիրթ վաճառականների, մանավանդ հրեաների ու գերմանացիների հետ, նա դիտել, ուսումնասիրել և յուրացրել էր շատ ձևեր, սովորություններ, որոնցից զուրկ էին նրա հայրենակիցները։ Նա վաղուց արդեն ձգել էր հայրական չուխան, քոշերն ու փափախը, փոխարինելով նրանց եվրոպական բաճկոնով, կոշիկներով ու գլխարկով։ Նա հեղաշրջել էր և՛ իր անունը։ Այժմ նա այլևս Մարկոսի որդի Սարդիս Հախվերդյանը չէր, այլ Սերգեյ Մարկիչ Ակվերդով (իսկ և իսկ Ակվերդով և ոչ Ախվերդով)։ Նա իր հոգու խորքում շատ կվիրավորվեր, եթե մեկը նրան նախկին անունով կոչեր, ուր մնաց, եթե մեկը հանդգներ «քաչալ» մականունը ավելացնել նրա հոր անվանը, ինչպես այդ անում էին իր ծննդավայրում։

Առաջին իսկ օրը նա իր քեռորդուն խստիվ պատվիրեց դիմել իրեն ոչ «քեռի» ասելով, այլ Սերգեյ Մարկիչ։ Եվ հաճոյակատար ու իր մորեղբոր քաղաքականությունը առայժմ բարձրագույն տիպար համարող Վարդան Ահրումյանը ուրախությամբ ընդունեց այդ պատվերը ու շատ հավանեց։ Ավելի՜ն․ նա իր մտքում դրականապես որոշեց նույնիսկ սեփական անունն ու ազգանունն էլ հեղաշրջել։ Ոչ առայժմ, այլ մի կամ երկու տարուց հետո, երբ նրա բեղերը կբուսնեն։

Առայժմ նա նշանակված էր որպես երկրորդ գործակատար։ Նրա պաշտոնն էր վաճառված ապրանքը գեղեցիկ փաթաթել թղթի մեջ և դնողին մատուցանել ժպտալով և ասելով «համեցեք, պարոն» կամ «համեցեք, տիկին»։ Այո, անպատճառ ժպտալով։ Ժպիտը քաղաքավարության նշան է։